Հայաստանում կանայք Զինված ուժերում կծառայեն 6 ամիս՝ կամավոր-պարտադիր սկզբունքով

«Նախատեսվում է Հայաստանում ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը։

«Հայաստանի քաղաքացի իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնց տարիքային շեմը 18-27 է, իրենց ցանկությամբ, կամավոր, եթե ուզում են վեցամյսա զինծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում, դիմում են ներկայացնում մոտակա զինվորական կոմիսարիատ, սկսվում է նրանց հաշվառման պրոցեսը, առողջության ստուգումը, այսինքն անցնում են այն ստանդարտ պրոցեդուրաներով, որով անցնում է զորակոչիկը։ Այն օրը, երբ մեկնարկում է զորակոչը, մինչ այդ օրը բոլոր պրոցեդուրաներն անցնելուց, հաստատվելուց հետո կարող է միտքը փոխել, բայց այն օրվանից, երբ համարվում է զինծառայող, այդ օրվանից ծառայությունն այլևս դառնում է պարտադիր»,- մանրամասնեց Պապիկյանը։

Նա ասաց, որ վեցամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ և հավասարազոր պահեստազոր։

Հարցին՝ վեց ամիս հետո կստանան 1 միլիոն պատվովճար, իսկ վեց ամսվա ընթացքում ամեն ամիս ինչ-որ գումար ստանալո՞ւ են կին զինծառայողները, Պապիկյանը նշեց, որ այս պահին նախատեսված է զինծառայողին հասանելիք վճարը, բայց քննարկում են նաև այդ վճարի չափը որոշակի փոփոխության ենթարկել։

«Մենք հարթակը ստեղծում ենք, որի հիմքում դրված է կամավորությունը, բայց միաժամանակ հավասար հնարավորություն ստեղծելով տղամարդկանց հետ»,- ասաց Պապիկյանը։