Մենք չենք քննարկի նման հարց, դա կարմիր գիծ է մեզ համար․ Մհեր Գրիգորյանը՝ միջանցքի մասին

«Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների վրա ամբողջությամբ տարածվելու է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը»,- մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այս սկզբունքների շրջանակներում մենք պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել քննարկումների և ի վերջո ապաշրջափակմանը, ինչը, իմ կարծիքով, կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար»,- ասաց նա։

Խոսելով՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, Գրիգորյանը ասաց․ «Միշտ եղել է տարբեր ընկալումների տեսանկյունից, կիրառվել է միջանցք եզրը, շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։

Բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվել է միջանցքն այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից։

Մենք մշտապես, երկրորդ տարբերակի հետ կապած տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշոմը, որ դա ուղղակի բացառած է։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե դրա տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ, ապա ոչ, չենք քննարկելու, դա մեզ համար կարմիր գիծ է: Ես չեմ կարծում, որ կկազմակերպվի եռակողմ հանդիպում ու նորից այդ հարցը կբարձրացվի, որովհետև առնվազն դա անիմաստ է, որովհետև մենք չենք քննարկի նման հարց»։