Մոսկվան կա՛մ պետք է ճանաչի Բաքվի ինքնիշխան իրավունքները Ղարաբաղի նկատմամբ ու նպաստի խաղաղությանը, կա՛մ կորցնի Ադրբեջանն ու Թուրքիան․ ադրբեջանցի պատգամավոր

Ղարաբաղի նկատմամբ «Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանության վերականգնումը» (չակերտները Tert.am-ի) մեծապես կախված կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկզբունքային դիրքորոշումից։ Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Գասանգուլիևը, գրել է «Հաքքինը»։

Պատգամավորը նշել է, որ այդ առումով Ադրբեջանը սերտ համագործակցության կարիք ունի թյուրքական պետությունների հետ. «Ցավոք, Ռուսաստանը այսօր շահագրգռված չէ հակամարտության վերջնական լուծմամբ։ Այս առումով անհրաժեշտ է լրջորեն աշխատել Թուրքիայի և թյուրքական պետությունների հետ։ Մենք և մեր դաշնակիցները պետք է համապատասխան առաջարկներ անենք Ռուսաստանին, պահանջներ ներկայացնենք ու համոզենք նրան ընդունել դրանք։ Այսինքն՝ Մոսկվան կա՛մ պետք է ճանաչի մեր ինքնիշխան իրավունքները Ղարաբաղի նկատմամբ և նպաստի խաղաղությանը, կա՛մ կորցնի Ադրբեջանն ու Թուրքիան»,- ասել է պատգամավորը։

Գուդրաթ Գասանգուլիևը նաև ասել է, որ Ռուբեն Վարդանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պետք է ձերբակալվեն ու արտահանձնվեն Բաքու։

«Պետք է տեղեկատվական աջակցություն ցուցաբերվի, որպեսզի ադրբեջանական հատուկ ծառայությունները կարողանան կալանավորել Վարդանյանին ու մյուս անջատողականներին ու հասցնել Բաքու։ Ռազմական հանցագործները, այդ թվում՝ Քոչարյանն ու Սարգսյանը, պետք է արտահանձնվեն Ադրբեջանին։ Եթե Փաշինյանը մոտ ժամանակում խաղաղության պայմանագիր չստորագրի, նա կա՛մ կհեռացվի իշխանությունից ու կազատազրկվի, կա՛մ կգնդակահարվի, ինչպես 1999-ի հոկտեմբերին խորհրդարանում վարչապետ Վազգեն Սարգսյանն ու խոսնակ Ստեփան Դեմիրճյանը։ Դրանից հետո կա՛մ պետք է համակերպվենք Ղարաբաղում առկա ստատուս-քվոյի պահպանման հետ, կա՛մ նոր մեծ արյունալի պատերազմի մեջ մտնենք Հայաստանի հետ, որին Ռուսաստանը բացահայտ պաշտպանում է։ Դրա համար մենք պետք է հենց հիմա վերականգնենք ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասել է նա։

 

Աղբյուր՝ Tert.am