ԱՄՆ-ը Բաքվին ու Երևանին վիճելի հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել

ԱՄՆ վարչակազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շրջանակում, երկու երկրների ղեկավարությանը ներկայացրել է ամենից շատ տարաձայնություններ առաջացնող որոշ հարցերի լուծման իր առաջարկները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերի գծով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի լսումներում, գրել է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ մայիսին, Վաշինգտոնում։ Հանդիպման արդյունքներով ԱՄՆ-ն արձանագրել է «որոշակի տեղաշարժեր», նշել է Հոգանը։

«Մայիսի սկզբին պետքարտուղարն ընդունել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներին, որպեսզի մշակվեն առավել վիճելի որոշ հարցեր, ներառյալ, օրինակ, զորքերի փոխադարձ հետքաշումը սահմանի շրջանում, վեճերի լուծման մեխանիզմը համաձայնությամբ, որին հասնելուն մենք փորձում ենք օգնել, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Սրանք այն բազմաթիվ հարցերից են, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը։

Ներկա պահին պետդեպարտամենտը պարզում է, թե «ինչ կարելի է անել առավել վիճելի հարցերի» վերաբերյալ, ավելացրել է նա։

«Մենք մի շարք առաջարկներ ենք արել, որոնք, գուցե, երկու կողմերին կտրամադրեն որոշ ձևակերպումներ, որոնք թույլ կտան հաղթահարել տարաձայնությունները։ Նրանք դրանք ընդունել են դիտարկման համար»,- տեղեկացրել է պետդեպարտամենտի աշխատակիցը։

Նա նշել է, որ անցած շաբաթ խոսել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, որպեսզի հասկանա, թե «ինչ ուղղություններով կարելի է առաջ ընթանալ»։

Խոսելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին, որը, ինչպես սպասվում է, տեղի է ունենալու հունիսի 1-ին Քիշնևում, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ, Հոգանը նշել է, որ «ուշադրությունը կենտրոնանալու է այն բանի վրա, թե ինչ պտք է արվի գործը մինչև վերջ հասցնելու համար»։

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղաը նախաձեռնել է ակտիվ ջանքեր, հատկապես դրա բացման նպատակով, մասնավոր և կոմերցիոն տրանսպորտի համար»,- ավելացրել է նա։