ՔՊ-ը գաղափարազուրկ մորթապաշտների խմբակ է, որը իր գալով՝ մերժեց հայկականը, ազգային, բարոյականը

Կուսակցությունները ստեղծվում են այս կամ այն գաղափարախոսության հենքին` սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական, լիբերալիստական և այլն: Եվ գաղափարախոսությունն է, որ դառնում այն քաղաքական «մերանը», որի շուրջ միավորվում են նույն հայացքներ, դիրքորոշումներ ունեցող մարդիկ: Գաղափարախոսությունների կամ իզմերի հիման վրա են ստեղծվում քաղաքական կուսակցությունների ծրագրերը. դրանք պատկերացում են տալիս ժողովրդին, թե տվյալ ուժը` գալով իշխանության, ի՞նչ նպատակներ է իրագործելու, դեպի ո՞ւր է տանելու երկիրը, որո՞նք են լինելու այդ ուղիները: Չկա իզմ, չկա երկրի զարգացման հստակ տեսլական:

Եթե կուսակցությունը զուրկ է իզմերից, եթե նրանում բացակայում են գաղափարները, այն վերածվում է պատահական մարդկանց հավաքատեղիի` կլուբի կամ խմբակի, ուր հավաքված գաղափարազուրկ մարդիկ մեկ խնդիր ունեն լուծելու` իրենց նեղ անձնական հարցերը: Պատկերացրեք, ի՞նչ կկատարվի այն պետության հետ, երբ քաղաքական ինչ-ինչ հանգամանքների բերումով, իշխանության ղեկին է հայտնվում գաղափարազուրկ, մորթապաշտ մարդկանց մի խումբ. դա կլինի կործանարար պետության համար:

Սա՛ է այսօր այն տխուր իրականությունը, որի մեջ գտնվում է Հայաստանը:

Նիկոլ Փաշինյանը ոգևորությամբ հայտարարում էր, թե իր կուսակցությունը` «Քաղաքացիական պայմանագիրը» զուրկ է իզմերից. «Մենք քաղաքացիական կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը»: Հանձին ՔՊ-ի՝ հայաստանյան քաղաքական դաշտ իջավ մի գաղափարազուրկ խմբակ, որի անդամները մեկմեկու հետ կապված են ոչ թե գաղափարներով, այլ անձնական շահերով ու այդ շահերի վրա ձեռք բերված քաղաքացիական պայմավորվածություններով:

ՔՊ-ն իրականում կուսակցություն չէ, ՔՊ-ն մորթապաշտների խմբակ է, որը ոչ մի առնչություն չունի Հայաստան պետության, հայ ժողովրդի շահերի հետ:

Մերժելով գաղափարախոսությունները՝ Փաշինյանն իրեն ու իր կուսակիցներին դուրս դրեց գաղափարական դաշտից, ավելին` սկսեց պայքարել բոլոր գաղափարների, առավելապես ազգային արժեքների դեմ, դրանք որակելով կարծրատիպեր: Ու ձեռքերը քշտած անցան գործի` հայտարարելով, թե` «եկել ենք կարծրատիպերը կոտրելու»:

Մի կարևոր հանգամանք. անգաղափար խմբակը` ՔՊ-ը, որպես կարգախոս ընտրեց Թուրքիայի քաղաքական ուժերից մեկի՝ «Բարօրություն» կուսակցության կարգախոսը` «Burada gelecek var». թուրքերենից թարգմանաբար սա նշանակում է` «Ապագա կա»: Եվ ոչ միայն կարգախոսն է թուրքական, այլև թուրքական է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը:

Ինչ ստացվեց, իզմերից զուրկ խմբակը իր գաղափարական դատարկությունը լցրեց թուրքականով: Այսինքն, հարևան-թշնամի երկիրը դարձավ Հայաստանի իշխանական ղեկը զավթածների գաղափարական ուղղորդողը: 5 տարիների ընթացքում համոզվեցինք, որ քպ-ականների թրքասիրությունը նրանց արտաքին քաղաքական նախընտրությունն է:

Հայտնի է, երբ 2018-ին ՔՊ-ն ընտրում էր իր պատգամավորության թեկնածուներին` կազմակերպված հարցազրույցների ժամանակ առաջնությունը տրվում էր հե՛նց թրքասիրությանը:

Եվ այսօր Թուրքիան Նիկոլի ու իր խմբակի ձեռքով իրականացնում է իր ծրագրերը տարածաշրջանում, որտեղ առաջնայինը Արցախի հանձնումն է Ադրբեջանին: Դրան հաջորդելու է Հայաստանի մասնատումը. գործընթացն արդեն սկսված է: Փաշինյանի ձեռքով մեր երկիրը դուրս է մղվել արտաքին քաղաքական գործընթացներից, դադարել է լինել գործոն, ու դարձել է գործիք թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքին:

Այսպիսով, 2018-ին հայ ժողովուրդն արտաքին տեխնոլոգիաների հզոր ներազդեցության տակ իր քվեն տվեց թրքասերների, մորթապաշտների խմբակին` իրականացնելով արժեհամակարգային աղետալի փոփոխություն: Հայ ժողովուրդը անգիտակցաբար մերժեց ազգային արժեքային համակարգը` հօգուտ չարժեքների:

Փաշինյանը վարում է մի քաղաքականություն, որի հիմնական ուղղությունն է` հայկականի վարկաբեկումը: ԱԺ ամբինից, Կառավարության նիստերի դահլիճից, թե դրսից և նա, և իր կամակատար քպ-ականները թիրախավորում են հայկական ազգային ինստիտուտները՝ Եկեղեցին, հայկական բանակը, հայեցի կրթությունը, հայկական ազգային ավանդույթները: Սրանք ավերում են այն ամենը` ինչը հայկական է, ազգային է ու բարոյական:

Փաշինյանական վարչախմբի ապազգային լինելն առավելապես դրսևորվում է Հայ եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքով: Փաշինյանի հայտնի ծրագիրն է, ինչի մասին նա բացահայտ հայտարարել է, «ծնկի բերել հայ հոգևորականին»: Հիմա հարց է առաջանում` ովքե՞ր են ՀՀ իշխանության ղեկը զավթածները`Հայ Առաքելական եկեղեցու հետևորդնե՞ր են, թե ինչ-որ աղանդի անդամ, գուցե աթեի՞ստ են, որ նույնն է, թե սատանիստ են:

Իշխանափոխությունից 5 տարի անց որպես իշխող ուժ, ՔՊ-ը շարունակում է պայքարել նախկիների դեմ, Հանրապետականներին համարելով իր իրական մրցակից: Եվ սա ամենևին պատահական չէ: Լինելով գաղափարազուրկ ու ապազգային, նիկոլականները մեծ վախ ունեն հայկականից, ազգայինից, բարոյականից:

 Ո՞ՒՄ և Ո՞Ր ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՆԻԿՈԼԻ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԽՄԲԱԿԸ

2018-ին նիկոլական անգիտակից մասսան իրականում մերժեց ազգայինն ու բարոյականը: Մերժեց պետական գործիչին` ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանին, մերժեց ազգային գաղափարախոսություն ունեցող քաղաքական կուսակցությանը` ՀՀԿ-ին: Սա էլ պատճառ դարձավ մեր ազգային արժեհամակարգի փլուզման ու դեռ շարունակվող պարտությունների:

Մեր ժողովուրդը պետք է գիտակցի այն ահռելի տարբերությունը, որ կա ՀՀԿ-ի ու ներկայիս իշխող ուժի միջև: Բերեք մի քանի պարզ օրինակ:

ՀՀԿ-ն, ի տարբերություն թրքահպատակ ՔՊ-ի, ազգային պահպանողական կուսակցություն է, որի նպատակներն ու գործունեությունը բխում են ազգի ու Հայրենիքի շահից: ՀՀԿ-ի համոզմունքն է` Գարեգին Նժդեհի ուսմունքը էական տեղ ունի հայ ազգային գաղափարախոսության հիմքում, գաղափարախոսություն, որը կառուցվում է հայոց արժեհամակարգի ու պատմամշակութային փորձի զուգակցմամբ` ազգային և համամարդկային արժեքների համադրմամբ:

ՀՀԿ-ն ու իր առաջնորդ Սերժ Սարգսյանը մշտապես բարձր են գնահատվել Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, հայության միասնության պահպանման գործում որպես հայ ինքնության անբաժան մաս և ազգային աշխարհասփյուռ կառույց` իր դավանաբանությամբ, նվիրապետությամբ կոչված ծառայելու Աստծուն և Ազգին: Տարբեր առիթներով բարձր գնահատելով հայ եկեղեցու դերը, Սերժ Սարգսյանը շեշտել է. «Հայ Եկեղեցին հայությանը միավորող ամենահուսալի շաղախն է»:

Նախկինների իշխանության օրոք առանձնահատուկ վերաբերումունք կար դեպի մայրենին ու հայոց մշակույթը: Օրինակ կրթության հարցում Հանրապետականներն այն համոզման են, որ խոր և բազմակողմանի գիտելիքներ ստացած անհատը պիտի ուեննա այն գիտակցումը, որ դրանք պետք է ծառայեն ինչպես անձնական բարօրությանը, այնպես էլ Ազգի և Հայրենիքի հզորացմանը: Կրթության համակարգը պետք է ձևավորի մարդկային և ազգային բարձր արժեքներ դավանող սերունդ` հաղորդակից մարդկայնորեն վեհ հայոց հոգևոր, գաղափարական ու բարոյական արժեքներին, նախնիների մեծագործություններին ու կորուստներին` պարզաբանելով մարդկության զարգացման այն օրինաչափությունը, թե մեծագործությունները պայմանավորված են ժողովուրդների ոգու, որով եւ գաղափարի ազնվությամբ ու զորությամբ, իսկ կորուստները` դրանց թուլությամբ:

Գիտությունն ու մշակույթը պետք է ծառայեն ազգի հոգևոր և նյութական արժեքների վերականգնմանը, պահպանմանն ու զարգացմանը, բացահայտեն հայի տոհմիկ կերպարը, աշխարհընկալումը եւ կենսակերպը: Մշակույթն ու գիտությունը պետք է իրականացնեն ազգային ավանդույթների ու գիտատեխնիկական առաջընթացի զուգակցումը` մեր երկրի համար աշխարհում ապահովելով բարոյահոգեբանական, մտավոր և տեխնոլոգիական առաջնակարգ դիրքեր: Մշակույթը, կրթությունը և գիտությունը պետք է լինեն պետական հոգածության հիմնական առարկա:

Խիստ կարևորելով Հայրենիք-Սփյուռք սերտ հարաբերությունները, Հանրապետականները իրականացնում էին սփյուռքահայության ներուժի համախմբմանը նպաստող ծրագրեր, ու այդ ամենը ի նպաստ Հայոց պետության հզորացման, Սփյուռքի արժանապատիվ գոյատևման. հիմնական նպատակ ունենալով` սփյուռքահայության վերադարձը Հայրենիք:

Սակայն պետականամետը, ազգայինը, բարոյականը մերժվեց 2018-ին: Եվ իշխանության եկան մարդիկ, ովքեր ատում են Հայաստանն ու Արցախը, դրա համար մաս-մաս հանձնում են մեր հայրենիքը թշնամուն:

Փաշինյանն ու իր խունտան ատում են մեր եկեղեցին, դրա համար ամեն առիթով թիրախավորում են ու փորձում վարկաբեկել:

Սրանք ատում են հայ մշակույթը, արվեստը, դրա համար ազգային մշակույթը զարգացնելու փոխարեն հարթակ՝ են տվել ապազգային տարրերին ու տգետներին:

Սրանք ատում են հայոց լեզուն, մեր պատմական անցյալը, դրա համար դպրոցներում ու բուհերում կրճատում են հայոց լեզվի ու պատմության դասաժամերը:

Սրանք վախենում են հայի վրեժից, հայի ուժից, բազկի զարկից, հայ հերոսներից, դրա համար թշնամու պատվերով ոչնչացնել են ուզում հայկական բանակը:

Սրանք վախենում են այն ամենից, ինչը հայկական է, ու քանդում ամեն հայկականը:

Սրանք պիտի հեռացվեն, որ ամուր մնա հայկականը։

Կարինե Գևորգյան