Արևմուտքը պատրաստվում է Ուկրաինայի հարցով բանակցություններին

Արևմուտքը, հասկանալով, որ Ուկրաինան չի կարող հաղթանակի հասնել մարտի դաշտում, պատրաստվում է հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների, գրում է Global Times թերթը:

«Սա հյուծիչ պատերազմ է, որն ի վերջո կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Այդ պատճառով Արևմուտքը փաստացի պատրաստվում է ապագա բանակցություններին՝ կազմակերպելով ուկրաինական ռազմական հարձակում», – ասվում է հրապարակման մեջ։

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ եվրոպական առաջնորդները, որոնց երկրները տնտեսապես շատ են տուժել հակամարտության հետևանքներից, հույս ունեն, որ ռազմական գործողությունները շուտով կավարտվեն:

«Եվրոպական առաջնորդները կարող են կոշտ խոսել, բայց նրանք բոլորը հույս ունեն, որ պատերազմը շուտով կավարտվի։ Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում, որ իրենց ազգային բյուջեները հոսեն ուկրաինական հակամարտության անհատակ փոսը», – վստահ է մեկնաբանը։

Հեղինակը որպես ցուցիչ նշում է նաև այն, որ Ռուսաստանն ու Արևմուտքը փորձում են ծայրահեղ միջոցներ չկիրառել։

«Այս ամենը անորոշ ազդանշան է տալիս այն մասին, որ ռազմական հակամարտության անվերջ սրման փոխարեն յուրաքանչյուրը ցանկանում է պայմաններ ստեղծել այն կանգնեցնելու համար», – եզրափակել է հեղինակը: