Իրանական գիտահենք երկու ընկերություններ համաձայնագրեր են կնքել հայկական ընկերությունների հետ

Իրանական նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 27-րդ միջազգային ցուցահանդեսի առաջին օրն իրանական գիտահենք ընկերությունները երկու համաձայնագրեր են ստորագրել հայկական ընկերությունների հետ: Այս մասին գրում է ParsToday-ը:

Համաձայնագրերից առաջինը կնքվել է իրանական  «Նեմա Դիջիթալ» գիտահենք ընկերության և հայկական պատվիրակության միջև՝ Հայաստանում ընկերությունը ներկայացնելու և գրանցելու, այնուհետև արտահանման պայմանագիր կնքելու նպատակով:
Գիտահենք «Բասպար» ընկերությունը նույնպես հայկական  առևտրային պատվիրակության հետ համաձայնագիր է կնքել՝ ապրանքը փորձարկելու և Հայաստան արտահանելու համար։
Համաձայնագրերի ստորագրմանն աջակցում է Իրանի նորարարության և բարգավաճման հիմնադրամը:
Թեհրանի նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական միջազգային ցուցահանդեսում իրենց արտադրանքն ու հնարավորություններն են ներկայացրել իրանական 15 գիտահենք ընկերություններ:
Ցուցահանդեսն ընթանում է Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում՝  ոլորտում Իրանի արտադրանքն ու հնարավորությունները ներկայացնելու նպատակով։