ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է ՌԴ փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հրավերով Պալատում հյուրընկավել են Երևանում կայացած միջազգային իրավական համաժողովի մասնակից փաստաբանները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, հյուրերի կազմում էին Լենինգրադի մարզի փաստաբանների պալատի նախագահ Դենիս Լակտիոնովը, Սանկտ Պետերբուրգի փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Ռուշան Չինոկաևը և Ռուսաստանի փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

«Հանդիպման սկզբում հյուրերը շրջեցին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում, հանդիպումներ  ունեցան ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի հետ:

Այնուհետև Փաստաբանների պալատի մեծ դահլիճում երկու երկրների գործընկերները քննարկեցին համատեղ գործընկերային հարաբերությունները  և փաստաբանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Սիմոն Բաբայանն ու Արա Զոհրաբյանը պատասխանել են հյուրերի ամենատարբեր հարցերի՝ ապահովելով փորձի փոխանակում և բովանդակային զրույց, ինչպես նաև ներկայացրել են ոլորտին առնչվող առկա  մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով հայ փաստաբանների կողմից կիրառվող մեխանիզմները:

Հանդիպման ավարտին ռուս գործընկերները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկում անցկացնելու համար: