Հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը հասել է 16-ի. մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները նմուշառում են կատարել Արտաշատի մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքից (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ): Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն:

Մայիսի 18-ին ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա: Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր:

Մայիսի 19-ի առավոտյան ժամը 10:30–ի դրությամբ հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը հասել է 16-ի, որոնցից 2-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Երեխաների վիճակը գնահատվել է բավարար:

Նախնական ախտորոշվել է սննդային թունավորում (չճշտված) և փսխումային համախտանիշ: