Աշոտ Փաշինյանն հանգամանալից պատրաստված էր եկել առերեսմանը․ փաստաբան

Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսմանը կողմերը պնդել են իրենց ցուցմունքները: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Որպես փաստական հանգամանքներ ներկայացվել  են միայն Աշոտ Փաշինյանի ցուցմունքը ու տեսագրությունները, այն տեսագրությունները, որոնք մենք ինքներս ենք հրապարակել, որևէ այլ բան չկա»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։
Նա մանրամասնեց, որ տեսագրություններով բուն դեպքը տեսանելի չէ, տեսանելի  են միայն մեքենա նստելու և մեքենայից դուրս գալու հանգամանքները։
«Տիկին Գայանեին մեղսագրվում է այնպիսի արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում։ Առևույթ հանցանքի վերաբերյալ տեսագրությունները որևէ բան չեն պարունակում, ապացուցողական նշանակության որևէ բան չկա, հետևաբար միակ այդպիսի փաստաթուղթն ու ապացույցը հանդիսանում են պարոն Փաշինյանի ցուցմունքները»,-ասաց նա։

«Ընդ որում, պարոն Փաշինյանը հանգամանալից պատրաստված էր այդ առերեսմանը։ Ես այսպիսի օրինակ բերեմ, որ անգամ կանխատեսել ու հաշվառել էր մեր կողմից տրվելիք  բոլոր հարցերը։ Օրինակ, երբ պաշտպանական կողմը հարց տվեց, թե մինչև Ծերեթելիի «Երևան սիթի» հասնելը չկայի՞ն այլ լուսացույցներ, պարոն Փաշինյանը հայտարարեց. «ես կարող եմ պատասխանել նաև հաջորդ հարցին, լուսացույցներ եղել են, բայց կանաչ է եղել, հետևաբար չէի կարող իջնել»։ Այ այդպես պատրաստված էր նա եկել առերեսման, խիստ պատրաստված էր իրավական ու իրավաբանական առումով»,-ասաց Վ. Հովհաննիսյանը։