Սփյուռքի նախարարության լուծարումը եղավ գործող վարչախմբի առաջին «սիրո դրսևորումը» սփյուռքահայերի նկատմամբ

Չկա սահման Հայաստանի և Սփյուռքի միջև, մենք մի ամբողջություն ենք և երբ հանդես ենք գալիս այդպես` բոլոր հարցերն այլ պատկեր են ստանում և բոլոր հարցերը դառնում են լուծելի։ 

12․11․2019 թ․ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպելով Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչներին՝ խոսելով Սփյուռքի մասին՝ շեշտել է․ «Իրականում համահայկականության գաղափարը շատ կարևոր է մեզ համար, որի հիմնական գաղափարը հետևյալն է. չկա սահման Հայաստանի և Սփյուռքի միջև, մենք մի ամբողջություն ենք և երբ հանդես ենք գալիս այդպես` բոլոր հարցերն այլ պատկեր են ստանում և բոլոր հարցերը դառնում են լուծելի:

Մեր կառավարության նպատակն այսպիսի իրավիճակ ստեղծելն է. Հայաստանի Հանրապետությունն ամբողջ հայության ներկայացուցիչն է և սա այն վճռական գործոնն է, որ պետք է թույլ տա իրական փոփոխություններ մտցնել մեր երկրի, ժողովրդի պատմական ճակատագրի մեջ, այդ ճակատագիրը հանել այն արատավոր ցիկլից, երբ մեր բախտը բերում է և աշխարհաքաղաքական հանգամանքները նպաստվոր են` ունենում ենք պետականություն, իսկ երբ այն փոխվում է` մենք կորցնում ենք այդ ամենը: Մեր խնդիրն է` դուրս գալ այդ ցիկլից և կարող եմ վստահ ասել, որ այսօր մենք քայլ առ քայլ դուրս ենք գալիս այդ ցիկլից»: https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/11/12/Nikol-Pashinyan-Armenian-Community-of-France/

Հիշեցնեմ, որ մինչ վերոնշյալ նախադասություններն արտասանելը Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի հունվարի 10-ին տեղի ունեցած Կառավարության նիստին հայտարարել  էր Սփյուռքի նախարարության լուծարման մասին նշելով«Ես ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ Սփյուռքի նախարարության պարագային, որովհետև կարծում եմ՝ թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա: Հակառակը, տվյալ դեպքում էլ խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ Սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Այս առումով, մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը, ըստ էության, ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի: Մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում նաև քննարկումներ կունենանք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, և հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության»:

Փաստորեն, ըստ գործող վարչախմբի տրամաբանության, քանի որ «Չկա սահման Հայաստանի և Սփյուռքի միջև, ապա կարելի է փակել Սփյուռքի նախարարությունը», Հայաստանն այնպիսի «կայացած գերտերություն» է, որ հազարավոր կիլոմետրերի վրա կարող է լուծել սփյուռքի հայրենակիցների խնդիրները։

Նույն ճակատագրին արժանացավ Մշակույթի նախարարությունը, երբ «մշակութասեր» նորանշանակ նախարարը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո կատարեց հետևյալ գրառումը «Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար!! Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»: Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետեւ գիտեմ՝ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի:

Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի»։

Կարծրատիպեր կոտրելով ոչ միայն մշակույթի նախարարությունը դուխով փակեցին՝ ևս մեկ անգամ ապացուցելով իրենց «մշակութասիրությունն» ու «հայրենասիրությունը»։

Նախարարության դուխով լուծարմանն անդրադարձ եղավ նաև հոգևոր դասի կողմից՝ Լիբանանյան OTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Առաջին կաթողիկոսը, անդրադառնալով Սփյուռքի նախարարության լուծարմանը, հայտարարեց, թե նախարարությունը անցած տարիներին հսկայական գործ է արել և դրա լուծարումը բացասական ազդեցություն կունենա սփյուռքում․  «Ես կկարծեմ, որ նկատի ունենալով Սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը ու միաժամանակ խորհրդանշական իմաստը, երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը: Սփյուռքի համար կարևոր է ունենալ Սփյուռքի նախարարություն: Թերևս ավելի ամփոփ կերպով, սակայն Սփյուռքը փաստորեն վարժվեցավ նախարարության մը: Այս հանգրվանին այդ նախարարության դուրս հանվիլը կառավարության ընդհանուր կազմեն, կըրնա ժխտական անդրադարձներ ունենալ սփյուռքեն ներս»:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «մենք այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային նպատակների և երազանքների իրագործումն է»։

Այդ մասին կառավարության ղեկավարն ասել է 2019 թ․ փետրվարի 27-ին՝ Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում հանդիպելով հայ համայնքի անդամներին:

Չնայած ընդդիմադիր կարծիքներին՝ Սփյուռքի ու մշակույթի նախարարությունները լուծարվեցին և սա եղավ գործող վարչախմբի առաջին սիրո դրսևորումը սփյուռքահայերի նկատմամբ։

2008 թ. մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում Սփյուռքի հետ կապերի գործակալության փոխարեն Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտե պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին։

2008 թվականի  սեպտեմբերի 11-ի N 1049-Ն Կառավարության որոշմամբ հիմք դրվեց Սփյուռքի նախարարության ստեղծմանը, որը ուժի մեջ մտավ 2008 թվականի հոկտեմբերի 1-ին

Նախարարության կազմում ստեղծվեցին տարածաշրջանների հայկական համայնքների հետ կապերի (Ամերիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի, Եվրոպայի և Անկախ պետությունների համագործակցության), Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի, Հայրենադարձության և հետազոտությունների, Համահայկական ծրագրերի և այլ վարչություններ ու բաժիններ։

ՀՀ նախագահի հոկտեմբերի 1-ի հրամանագրով ՀՀ Սփյուռքի նախարար նշանակվեց ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը։

Նախարարության գործունեության նպատակն էր ՀայաստանՍփյուռք գործակցության զարգացման քաղաքականության մշակման, իրականացման, համակարգման և արդյունքների գնահատման միջոցով նպաստել.

1.Հայաստանի Հանրապետության և հայկական Սփյուռքի գործակցության ապահովմանը և նրանց միջև կապերի ամրապնդմանը,

2.Հայ ժողովրդի հոգևոր միասնությանը,

3.Հայ կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, երիտասարդության, մարզական կյանքի զարգացմանը,

4.«Հայկական աշխարհ»-ի ստեղծմանը:

Հայապահպանության գործում շատ մեծ դեր է ունեցել նախարարությունը, կազմակերպել է սփյուռքահայ ուսուցիչների, կրթական ու համայնքային գործիչների ամենամյա ամառային դպրոցներ, համայնքներին, սփյուռքի դպրոցներին դասագրքեր նվիրել, հայրենիքում կազմակերպել հազարավոր հայ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը, որին մասնակցել են հազարավոր հայ երիտասարդներ սփյուռքի տարբեր գաղթօջախներից, ծանոթացել իրենց հայրենիքին, պատմությանը, մշակույթին ձեռք բերել ընկերներ։

Հայրենադարձության գործում ևս նախարարությունը ջանք ու եռանդ չի խնայել  2011 թվականից ի վեր ՀՀ-ում հաստատված շուրջ 20 հզ. սիրիահայերը մշտապես գտնվել են ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրության ներքո և ոչ միայն։

Եվ այս տարիների աշխատանքը մեկ վայրկյանում հօդս ցնդեց, երբ գործող վարչախումբը որոշեց խաչ քաշել տվյալ նախարարության վրա՝ փակելով այն։

2017 թվականի սեպտեմբերի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջին լիագումար նիստում ելույթի ժամանակ շեշտել է․ «Կասկածից վեր է, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունն անհամեմատ ուժեղ է սփյուռքի ավանդական կառույցների միջազգային համայնքում ինտեգրված մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում բոլորիդ և յուրաքանչյուրիդ ներդրումը: Հայաստանում և Արցախում այսօր գոյություն ունեն բոլոր հնարավորությունները առաջին հերթին մեր հայրենակիցների ինքնադրսևորման, հանրային, հասարակական կամ մասնավոր ոլորտներում հաջողություններ գրանցելու և, ի վերջո, ավելի լավ երկիր կառուցելու մեր ջանքերին կոնկրետ աշխատանքով կամ բարի խորհրդով օժանդակելու ձեր մղումը կյանքի կոչելու համար։

Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության կոչը չպետք է դիտվի որպես ինքնուրույնության հականիշ: Ընդհակառակը, համագործակցաբար, ուս ուսի տված և միայն տարբեր մոտեցումների համադրմամբ մենք կարող ենք հասնել արդյունավետ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է»:

Իրավամբ, այդ տարիներին Հայաստան-սփյուռք համագործակցությունը մեծ թափ էր հավաքել, սփյուռքի մեր հայրենակիցները ներդրումներ էին կատարում Հայաստանում և Արցախում՝ օժանդակելով երկու հայկական Հանրապետությունների զարգացմանն ու առաջընթացին և ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ այդ համագործակցության արդյունքների մեծ մասը՝ մեկ դմփ-դմփ-հու-ի պատճառով կարող է անցնել թշնամու վերահսկողության տակ։

Այսօր սփյուռքից եկող ներդրումները այդպես էլ տեղ չեն հասնում՝ կամ մնում են ճանապարհին, կամ էլ ում պետք է՝ լա՜վ էլ հասնում են։

ՀՀ երրորդ նախագահը նաև շեշտել է, որ Հայաստանը լինելու է աշխարհին լիարժեք ինտեգրված, ուժեղ, զարգացած ու հպարտ երկիր: Սա է մեր տեսլականը:

Այսօր Հայաստանի գործող վարչախումբը չի կողմնորոշվում որտեղ ու ոնց ինտեգրվի՝ դա կապված է երկրի ղեկավարի տրամադրությունից, որը տատանողական է և վայրկյանների ընթացքում կարող է փոխվել 360 աստիճանով, ուժի ու զարգացվածության մասին խոսելն ավելորդ է, հայրենիքը պահող միակ ուժը հայ զինվորն է ՄԻԱՅՆ, իսկ հպարտ են որոշները, միայն թե՝ կեղծ անձնագրով։ 

Լուսինե Այրապետյան