Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը հայտարարել է հօգուտ Հայաստանի աշխատող 2 «գործակալի» կալանավորելու մասին

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կալանավորել է երկու անձանց, որոնք իբր իրականացրել են հետախուզական-խափանարար գործունեություն Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքով։

Պետանվտանգության ծառայության հաղորդման համաձայն՝ «ձեռնարկված միջոցների արդյունքում կալանավորվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել 1980թ. ծնվ. Ռաշադ Ահմեդ օղլի Ահմեդովը, որը կասկածվում է պետական դավաճանության, Ադրբեջանում ահաբեկչական-սադրիչ գործողությունների պլանավորման մեջ, նա ապրել է երրորդ երկրի տարածքում և կատարել Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքները»։

«Պարզվել է, որ նյութական շահի ակնկալիքով գաղտնի համագործակցության մեջ ներգրավված Ռաշադ Ահմեդովը կատարել է նշյալ երկրի հատուկ ծառայությունների հանձնարարությունները՝ ի վնաս Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության, պետական անվտանգության և պաշտպանունակության։ Ռաշադ Ահմեդովը Ռովշան Մուսա օղլի Ամիրովի (1991թ. ծնվ.) հետ միասին Ադրբեջանում պատրաստել է տեսանյութեր, որոնք պարունակել են էթնիկ և կրոնական հողի վրա թշնամանքի հրահրման, երկրի տարածքային ամբողջականության քայքայման կոչեր։ Այդ տեսանյութերը ստեղծվել են հայկական հատուկ ծառայությունների կողմից և նրանց վերահսկողության տակ տարածվել YouTube և այլ ալիքներում ադրբեջաներեն։ Ռաշադ Ահմեդովը Հայաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ Ադրբեջանի քաղաքացիների շրջանում էթնիկ անջատողականության նպատակով կազմակերպել է 200 կեղծ քարտեզներ՝ Ադրբեջանի Հանրապետության հատվածային պատկերմամբ, հատուկ կազմված Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի և այլ անձանց կողմից։ Բացի այդ, Ռաշադ Ահմեդովը, անկարգություններ կատարելու Ադրբեջանի քաղաքացիների մտադրությունը ցույց տալու նպատակով Ադրբեջանի տարածքում նախատեսել է գործողություններ, որոնք ուղեկցվելու էին պայթյուններով, հրդեհներով և այլ վտանգավոր հետևանքներով, հավաքագրել է անձանց, որոնք համաձայն են եղել ահաբեկչություններ կատարել, նրանց ներգրավել է համատեղ հանցավոր գործունեության մեջ, ինչպես նաև կատարել է այլ հանձնարարություններ, որոնք դրվել են նրա վրա ահաբեկչական սադրանքներ կատարելու համար։ Կալանավորված Ռաշադ Ահմեդ օղլի Ահմեդովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Նա քրեական պատասխանատվության կենթարկվի Ադրբեջանի Քր. օր. 274 (պետական դավաճանություն), 28, 214.1 (ահաբեկչության նախապատրաստում) և 281.3 (հակապետական գործունեության հրապարակային կոչեր օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ) հոդվածներով։ Ռովշան Ամիրովը՝ Ադրբեջանի Քր.օր. 274 (պետական դավաճանություն) և 281.3 (հակապետական գործունեության հրապարակային կոչեր օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ) հոդվածներով»,- նշվել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած հաղորդագրությունում։