Անվտանգության խորհուրդը 2022-ի սեպտեմբերին քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, որոշվել է մնալ. ԱԳ փոխնախարար

Այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն պատասխանելով հարցին, թե երբ է Հայաստանում քննարկվել ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը, որի մասին խոսել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ասաց․ «Ես կոնկրետ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դա, ըստ երևույթին, Անվտանգության խորհրդում է քննարկվել. կարծում եմ՝ նախորդ տարվա սեպտեմբերյան իրադարձությունների շրջանում է մոտավորապես եղել, կխնդրեի ճշտել։

Հարցին, թե ո՞րն է եղել պատճառը, որ Հայաստանը չի գնացել այդ քայլին, փոխնախարարը պատասխանեց. «Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում և այս աշխատանքները շարունակվում են, որի մասին մենք հայտարարել ենք: Շուտով կլինեն նաև քննարկումներ Հարավային Կովկասում իրավիճակի հայտարարության հետ կապված»:

Նա վստահեցրեց, որ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը չկա Հայաստանի օրակարգում, սակայն ըստ իրավիճակի զարգացման՝ կարող է նաև քննարկվել:

«Այդ շրջանում (2022-ի սեպտեմբերին-խմբ) սպասվում էր գագաթնաժողով: Մենք այդ գագաթնաժողով գնացինք այն հույսով, որ քննարկումները կբերեն որոշակի արդյունքների: Մեր սպասելիքները չարդարացան, բայց որոշեցինք շարունակել աշխատանքները: Իրավիճակը բարդ է և մենք լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, ունենալով և պարտավորություններ նաև, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր քայլերը, աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների: Դեռևս այդ հույսը կա»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի բազմիցս արած հայտարարությանը, թե ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու համար սպասում են Հայաստանի պատասխանին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի իրավիճակի քաղաքական գնահատական։ Ինչ-որ պահի այս քննարկումները կարող են նորից վերսկսվել: Այս պահին օրակարգ է բերվել դիտորդների հետ կապված հարցը»: Փոխնախարարը, սակայն, չմեկնաբանեց, թե ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթը ներառե՞լ է սպառազինություն և զորք. «Ես այդ հարցին այս պահին չեմ ուզում անդրադառնալ»:

Իսկ ԱԽ քարտուղարի հայտարարած անվտանգության միջազգային նոր երաշխիքների փնտրտուքի մասին Մնացական Սաֆարյանն ասաց. «Մենք ընդհանրապես Հայաստանի անվտանգության հետ կապված բաղադրիչները փորձում ենք առավել զարգացնել բոլոր ուղղություններով: Իսկ կոնկրետ հարցի պատասխանի համար դիմեք ԱԽ քարտուղարին»: