ԱՀ ներդրումային հիմնադրամի հանդեպ ժամկետանց պարտավորությունների կատարմանն ուղղված գործընթացի մասին․ հայտարարություն

Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանի 2023 թվականի ապրիլի 26-ի հանձնարարականի համաձայն` Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվում է ժամկետանց պարտավորություններ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծանուցման գործընթացը: Այս մասին հայտնում են ԱՀ ներդրումային հիմնադրամից։

Հաշվի առնելով գործընթացի մեծ ծավալը և սոցիալական արդարության ապահովման անհրաժեշտությունը՝ Հիմնադրամի կողմից որոշում է կայացվել այն իրականացնել փուլերով՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով և գրավոր ծանուցագրեր ուղարկելով Հիմնադրամի նկատմամբ քսան միլիոն և ավել ժամկետանց պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Սահմանված շեմից ցածր չափի ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների պարագայում սահմանափակվել ենք ընդամենը իրազեկող հեռախոսազանգով:

Առ այսօր ծանուցվել են ժամկետանց պարտավորություններ ունեցող 71 ֆիզիկական և 91 իրավաբանական անձինք, որոնց հանրագումարային պարտավորությունը հիմնադրամի նկատմամբ կազմում է 51 747 878 000 ՀՀ դրամ:

Ծանուցված սուբյեկտներին տրվել է ողջամիտ ժամկետ պարտավորությունները կատարելու համար՝ պարզաբանմամբ, որ հակառակ պարագայում գումարը բռնագանձելու համար Հիմնադրամը քաղաքացիական հայց է ներկայացնելու դատարան:

Ի պատասխան Հիմնադրամի նկատմամբ անհարկի ու առանձին դեպքերում նաև բացահայտ ինքնապաշտպանական նպատակ հետապնդող հայտարարությունների՝ իրազեկում ենք, որ Հիմնադրամը իր գործողություններում հաշվի է առնելու նաև շրջափակման հարուցած ճգնաժամային պայմանները և հատկապես ֆիզիկական անձանց պարագայում գործընթացը առավելագույնս կատարվելու է բանակցային ճանապարհով: