Արցախի ԱԳ նախարարն առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն Ավստրալիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախարարը ներկայացրել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, անդրադարձել առաջացած հումանիտար և գոյաբանական խնդիրներին։

Խոսելով Հայրենիք-Սփյուռք կապի մասին՝ Սերգեյ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի հայ համայնքին շրջափակումից ի վեր Արցախին ցուցաբերած նյութական օժանդակության համար։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած հանցավոր քաղաքականության մասին արտերկրում իրազեկվածության բարձրացման աշխատանքների նշանակությունը։

Հանդիպման ավարտին նախանշվել են փոխգործակցության հետագա ուղղությունները։