Արցախից ՀՀ բուժառուների տեղափոխումը հնարավոր դարձնելու համար աշխատանքներ են տարվում. ԱՆ նախարար

Թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, թե միջազգային բոլոր հարթակներում աշխատանքներ են տարվում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու պայմաններում հնարավոր դարձնել Արցախից Հայաստան ծանր վիճակում գտնվող բուժառուների տեղափոխումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում: Մեր բժիշկները կապի մեջ են, մենք էլ Արցախի առողջապահության նախարարության հետ ինտենսիվ աշխատում ենք: Անհրաժեշտ բժշկական օգնությունը պացիենտներին տրամադրվում է»,-ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ հիվանդանոցային օղակը համալրված է անհրաժեշտ բոլոր պարագաներով:

«Տարվում են նաև աշխատանքներ թե Կարմիր Խաչի հետ, թե միջազգային բոլոր հարթակներում՝ այդ տեղափոխումները հնարավոր դարձնելու»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:

Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:

Ադրբեջանը ապրիլի 23-ից անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում: