Գարեգին Նժդեհի արձանին առնչվող հիստերիան արագ մարեց, արձանը մնաց կանգուն, իսկ Փաշինյանը Չավուշօղլուի հետ միաձայն սպառնում է ապամոնտաժել «Նեմեսիսի» արձանը

«Մարդկային ազգը տառապել է և կտառապի իր տականքների երեսից: Իրենց տականքները` ահա՛ ազգերի իրական թշնամին: Իրենց տականքները` ահա՛ ազգերի գոյությունը հաճախ դժոխքի վերածող ամենազորեղ ազդակը: Ազգորեն ու մարդկորեն ընկածներն են կարելի դարձրել ապերասան բռնակալությունը Ներոնների, Ցեզար Բորջիաների, Համիդների և նմանների:

Գարեգին Նժդեհ

Ապրիլի 25-ին Երևանի Օղակաձև զբոսայգում բացվեց Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների հետ արդար հաշվեհարդար տեսած հայ վրիժառուներին նվիրված «Նեմեսիս» հուշարձանը։ ՔՊ-ի ներկայացուցիչներից հուշարձանի բացմանը ներկա էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը իր ելույթից հետո ևս արժանացավ դավաճան պիտակին ու լքեց հարթակը: Որոշ ժամանակ հետո պարզվեց, որ այդ հուշարձանի տեղադրումը ՀՀ իշխանությունների, ավելի ստույգ՝ երկրի միանձնյա կառավարչի կողմից կազմակերպված դավադրություն էր ՀՀ քաղաքացիների և մեր պետության դեմ, որը պետք է նրա ձեռքերն արձակեր Թուրքիային հաճոյանալու համար հակահայկական քայլեր անելու ուղղությամբ: Եվ իր այդ քայլերը նա պետք է արդարացնի պնդումներով, թե իբրև պետության զարգացմանն է նպաստում:

«Նեմեսիս» կազմակերպության անդամները, որ հարում էին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, տարբեր երկրների տարբեր քաղաքներում հայտնաբերեցին, հետապնդեցին ու ոչնչացրեցին 20-րդ դարի՝ մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճրագործության՝ Հայոց Ցեղասպանության կազմակերպման գործում  առանցքային դեր ստանձնած օսմանյան ղեկավարներին։ «Նեմեսիս» օպերացիայի միջոցով ըստ էության իրականացվեց 1919 թվականին Ստամբուլի թուրքական զինվորական դատարանի հեռակա արձակած մահապատիժը ցեղասպանություն իրականացնողների նկատմամբ: Բայց Թուրքիայում մահապատիժն անհնար էր, քանի որ դատապարտվածները փախել էին տարբեր երկրներ և ծպտված կյանք էին վարում: Բայց հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ նրանց հայտնաբերել ու սատկացնել: Թալեաթ փաշային՝ Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորին, Սողոմոն Թեհլիրյանը սպանեց Բեռլինում 1921 թվականին։ Գերմանական դատարանը հայ վրիժառուին անմեղ ճանաչեց Թալեաթի զանգվածային հանցագործությունների հիմնավորմամբ։ Թալեաթի աճյունը Բեռլինից բերվեց Թուրքիա 1943 թվականին, և թուրքական կառավարությունը պատվեց հանցագործին՝ նրա անունով անվանակոչելով պողոտաներ, մզկիթներ, դպրոցներ, հիվանդանոցներ և հուշահամալիր Ստամբուլում։ Ստամբուլի նույն հուշահամալիրում թաղված է Ցեղասպանության մեկ այլ կազմակերպիչ՝ ռազմական նախարար Էնվեր փաշան, որին ևս փամփուշտի կրակոցով զգետնել էր հայ վրիժառուն Տաջիկստանում՝ 1922 թվականին: Նրա աճյունը 1996 թվականին Տաջիկստանից բերվեց Թուրքիա նորից մեծարանքով։ Բազմաթիվ այլ թուրք ոճրագործներ իրենց մահկանացուն կնքեցին հայ վրիժառուների ձեռքով, պատժվեցին նաև սեփական ժողովրդի կոտորածին մասնակցած ու աջակցած հայեր: Այդ քաջարի վրիժառուների անուններն են գրված հուշակոթողի վրա, որի տեղադրումը մայրաքաղաքում թուրքական հերթական հիստերիան բարձրացրեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հուշարձանի բացումից հետո հատուկ անդրադառնալով Հայաստանում մեզ համար նշանակալի իրադարձությանը՝ փորձեց մատ թափ տալ մեզ վրա՝ հայտարարելով, թե Թուրքիան արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները իր օդային տարածքով։ Չավուշօղլուն հավելեց, որ Թուրքիան լրացուցիչ քայլեր կձեռնարկի Հայաստանի դեմ, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշարձանը։ Մինչդեռ Թուրքիայի օդը բոլորովին վերջերս էր բացվել հայկական ավիացիայի համար և այն սպասարկելու պարտավորությունը ստանձնել էր ոչ այս կողմ, ոչ այն կողմ Խաչատուր Սուքիասյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ամենաեռանդուն ջատագովը: Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտնել է Lider Haber TV-ի եթերում, որ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու և հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու համար Թուրքիան որոշ ժեստեր է արել, սակայն Հայաստանը հերթական անգամ ցուցադրել է, որ այդ գործընթացում անկեղծ չէ՝ տեղադրելով «Նեմեսիսի» հուշարձանը։ «Եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»,- սպառնացել է նա։

Չավուշօղլուի հայտարարությունը ևս մեկ ազդակ պետք է դառնա այն բանի մասին, որ Թուրքիան երբեք Հայաստանի մեկնած ձեռքը չի սեղմի, մինչև ՀՀ հլուհնազանդ իշխանությունները չընդունեն իրենց պարտադրված նախապայմանները, որքան էլ ուզում են բարձրախոսների առաջ մեզ փորձեն համոզել, որ իրենք նախապայմաններին չեն տրվի:

Նման արձագանքը պետք է մեզ համար համոզիչ օրինակ լինի, որ եթե նույնիսկ Թուրքիան մի օր բացի սահմանը, նորից կփակի այն, եթե Հայաստանը չկատարի Թուրքիայի պահանջներից որևէ մեկը, և այդ պետությունը շարունակաբար շանտաժի կենթարկի Հայաստանի կառավարությանը։ «Նեմեսիսի» հուշարձանը ապամոնտաժելու Թուրքիայի ներկայիս պահանջը վաղ նախազգուշացում է շատ ավելի մեծ պահանջների մասին: Արդեն իսկ մեզ համար կանխատեսելի է, որ «Նեմեսիսի» հուշարձանի ապամոնտաժման դեպքում Թուրքիայից հաջորդելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ապամոնտաժման պահանջը: Հաջորդիվ Թուրքիան կապահանջի, որ Հայաստանի Անկախության հռչակագրից հանվի պարբերությունը, որում գրված է՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելու գործին»:

Ի դեպ, հարկ է նշել, որ իր օդային սահմանը նորից փակելով՝ Թուրքիան խախտել է IATA-ի (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա) կանոնները, որոնցում նշված է, որ երկրները չեն կարող արգելել այլ երկրների օդանավերի թռիչքները քաղաքական դրդապատճառներով։ Արժանապատվություն ունեցող իշխանությունը իրավական միջոցներ կձեռնարկեր Թուրքիայի դեմ՝ համաձայն IATA-ի կանոնների և փոխադարձաբար կարգելեր Turkish Airlines-ի թռիչքները Հայաստանի օդային տարածքով։

Փոխարենը երկրի թիվ մեկ պաշտոնյան ոչ միայն չքննադատեց թուրք պաշտոնյային, այլև համաձայնեց նրա ասածներին՝ Թուրքիայի առաջ գլխիկոր ծնկի գալու և բարեկամություն մուրալու ժեստ անելով: Փոխանակ Թուրքիային հստակորեն հասկացնելու, որ իրենք իրավունք չունեն միջամտելու Հայաստանի ներքին որոշումներին, ինչպես որ Հայաստանը, օրինակ, չի պահանջում, որ դադարեն Թուրքիայում փառաբանել Թալեաթին՝ ավելի քան մեկուկես միլիոն հայի սպանդը կազմակերպած դահիճներից մեկին և ապամոնտաժել Ստամբուլում գտնվող Թալեաթ փաշայի հուշահամալիրը։

Փաշինյանն իր հայտարարությամբ ակնարկեց, որ եթե հուշարձանի տեղադրման հարցը կառավարության իրավասության ներքո լիներ, ապա իրենք կմերժեին առաջարկը՝ համարելով սխալ քայլ, այնինչ ըստ նրա՝ մայրաքաղաքային իշխանություններն են ներգրավված եղել այդ ծրագրում: «Եկեք արձանագրենք հետևյալը, որ կառավարությունը չի այդ որոշումը կայացրել, և ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ, եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել է Փաշինյանը։ Երևանի Օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված աղբյուր–հուշակոթողը տեղադրելու որոշումը կայացվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետն էր Հայկ Մարությանը։ Փաշինյանը հավելել է, որ հուշարձանի տեղադրման որոշումը կայացվել է հուզական ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ. «Իրականում այդ արձանը տեղադրվել է մի պարզ պատճառով։ Այդ նախաձեռնությունները եղել են 2020-ի դեկտեմբերից 2021-ի ապրիլի շրջանում։ Երբ այդ թեման սեղանից սեղան գնացել է, բոլորը մտածել են այս դավաճանության ընդհանուր տրամաբանության մեջ, բա որ մենք չհամաձայնենք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք։ Եվ մենք բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց իրականում մենք անընդհատ մեր երկրի պետական և ազգային շահերը դավաճանում ենք»։ Ի հավելումն՝ Փաշինյանը հռետորական հարց հնչեցնելով՝ ակնհայտորեն ասել է, որ «Նեմեսիս» հուշարձանը ի վնաս Հայաստանի Հանրապետության է տեղադրվել՝ տնտեսության զարգացման համար խոչընդոտներ ստեղծելով. «Եթե նման արձան Հայաստանում չլիներ, դրանից կտուժե՞ր, թե՞ կշահեր Հայաստանը: ՀՀ-ն կամ երբեք չի առաջնորդվել, կամ հիմնականում չի առաջնորդվել տնտեսական շահով, մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել, բայց եկել է ժամանակը, որ մենք էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի»։ Իսկ ո՞րն է ըստ Փաշինյանի պետական շահը, եթե առաջնորդվենք նրա տրամաբանությամբ: Այո՝ մոռանալ պահանջատիրության մասին և քայլել առաջ՝ ընկնելով Թուրքիայի ճիրանները:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին անցած շաբաթ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նույնպես փորձեց արդարանալ թուրքական հանրության առաջ՝ ասելով, որ Թուրքիան չպետք է «Նեմեսիսի» հուշարձանը «ընկալի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից»։ Սիմոնյանը փորձեց մաքրել իր կուսակիցներին՝ հայտնելով, թե «Նեմեսիսի» հուշարձանի բացմանը մասնակցել են միայն խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները»՝ թաքցնելով այնտեղ Ավինյանի ներկայությունը։ Չավուշօղլուն պատասխանեց, որ Հայաստանի կառավարության արդարացումները «անկեղծ և ճշմարիտ չեն: Ոչ ոք թող մեզ չփորձի խաբել՝ ասելով, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում»։ Եվ սա հստակ ուղերձ էր Փաշինյանի ղեկավարած իշխանություններին, որ հուշարձանը որպես սեպ է դիտարկվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Եվ ահա, թե նման խնդիրները ինչպե՞ս էին լուծում Փաշինյանի համար բոլոր հարցերում քավության նոխազ դարձած նախկինները՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է՝ երբ 2016 թվականին նախաձեռնվեց կանգնեցնել Գարեգին Նժդեհի հուշարձանը մայրաքաղաքի կետրոնում և մայիսի 28-ին արձանն այնուամենայնիվ տեղադրվեց, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունից որոշակի բացասական ազդակներ եղան այդ նախաձեռնության դեմ: Նախ ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներով ռուսաստանցի պատմաբանների ու քաղաքական մեկնաբանների շուրթերով քննադատություններ հնչեցին հուշարձանը տեղադրելու հետ կապված, նրանք անհասկանալի ու անընդունելի համարեցին Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցումը՝ պահանջելով ապամոնտաժել այն, քանի որ արձանը վկայում է «Հայաստանում ֆաշիզմի վերականգնման մասին»։

Ռուս փորձագետներից Օլեգ Կուզնեցովն անգամ արձանի կանգնեցման մեջ ոչ միայն ներքին, այլև արտաքին շերտ էր տեսել, ըստ որի՝ իբր, երևում է, որ Քոչարյան-Սարգսյան ղարաբաղյան կլանը պատրաստ է գնալու միջազգային դրության ցանկացած սրացման, միայն թե կարողանա համախմբել հայ հասարակությանը` երկրում ներկա վիճակի պահպանման աջակցության համար: Նա պահանջել էր, որ Մոսկվան փոխի Երևանի հետ իր հարաբերությունների տոնը և առնվազն բողոքի նոտա հղի Երևանին` պահանջելով ապամոնտաժել այդ արձանն ամենակարճ ժամկետներում: Չուշացավ նաև Ռուսաստանի Դաշնության պաշտոնական արձագանքը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, թե Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ՝ հիշեցնելով ՌԴ ընդգծված դիրքորոշումը  2-րդ համաշխարհային պատերազմի, նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության հերոսացման, վերածնման փորձերի նկատմամբ: Զախարովայի հայտարարությունից հետո Երևանը չընկրկեց և պատասխանեց Ռուսաստանին՝ առաջնային համարելով Հայաստանի Հանրապետության ազգային շահը: Եվ նկատենք՝ ոչ մի արդարացում չհնչեց, սիրաշահման փորձեր չեղան: Նախ՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որով երկար-բարակ պարզաբանում էր, թե արձանը տեղադրվել է, քանի որ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում Նժդեհը երկրի բնակչությունը պաշտպանել է այդ տարիներին առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա ի  հայտ եկած Ադրբեջան պետության զինված խմբավորումների  ոտնձգություններից և կազմակերպել Հայաստանի ու Զանգեզուրի պաշտպանությունը: Բալայանը նաև հավելել էր, թե «անբարո ու անարդյունավետ է համարում  ֆաշիզմի դեմ պայքարում հայ  ժողովրդի անգնահատելի ավանդի վրա ստվեր գցելու ջանքերը: Իհարկե, ՌԴ-ի արձագանքին անդրադառնալով՝ Հայաստանը ջանքեր գործադրեց, որպեսզի բարձր մակարդակի վրա պահի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները՝ բարեկամաբար խորհուրդ տալով ծանոթանալ Գարեգին Նժդեհի կենսագրությանը, հարկ եղած դեպքում պատրաստակամություն հայտնելով նյութեր հավաքել Նժդեհի կյանքի, գործունեության մասին և Մոսկվա ուղարկել:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս անդրադարձավ արձանի հետ կապված պատմությանը՝ հասկացնելով, որ Հայաստանը չի ընկրկի Ռուսաստանից հնչող պահանջների առջև և չի հանի Գարեգին Նժդեհի արձանը. «Ինչպես ռուսների համար Ալեքսանդ Նևսկին է, Կուտուզովը և Սուվորովը, այնպես էլ մեզ համար Թումանյանն է, Չարենցն է, Վարդան Մամիկոնյանն ու Նժդեհը»: Ըստ նրա` ռուսական որոշ շրջանակների դժգոհությունը, թե Նժդեհի արձանի տեղադրումը «դեմարշ» է Ռուսաստանի դեմ, անգրագետ, մակերեսային ու պրիմիտիվ մտածելակերպ է, և նախևառաջ՝ պետք է մեղադրեն Մոլոտովին ու Խորհրդային Միությանը` 1939թ. Մոսկվայում կնքված և պատմության մեջ հայտնի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի համար:

Ռուսաստանում շատ արագ հարգեցին Հայաստանի դիրքորոշումը և արձանի տեղադրմանը որևէ շանտաժ, պատժամիջոց չհաջորդեց, որովհետև ՀՀ իշխանությունները դիվանագիտորեն հասկացնել տվեցին, որ արտաքին քաղաքականությունից զատ Հայաստանում պաշտպանվում է ու ամեն ինչից վեր է դասվում ներքին, պետական ու ազգային շահը, որը չի վաճառվի որևէ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու տնտեսական զարգացումների գնով:

Թագուհի Ասլանյան