Մայիսի 19-ին կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններ նաև ԱԳ նախարարների մակարդակով. ԱԳ փոխնախարար

Բրյուսելում նախատեսված բանակցություններին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 19-ին նախատեսված են բանակցություններ նաև ԱԳ նախարարների մակարդակով: Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ հավելելով, որ բանակցությունների սեղանին խաղաղության պայմանագրի տեքստն է:

Հարցին, թե ի՞նչ փուլում են բանակցությունները, փոխնախարարը պատասխանեց. «Դուք տեղյակ եք հայտարարություններին, որոնք եղան վաշինգտոնյան բանակցությունների փուլից հետո: Որևէ նոր բան, քան կա ԱԳՆ տարածած հաղորդագրություններում, ասել չեմ կարող»:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանը պետք է ապամոնտաժվի՝ ԱԳ փոխնախարարը նշեց, որ այս կապակցությամբ նախարարությունը կներկայացնի իր մոտեցումները. «Դուք գիտեք՝ վարչապետի հայտարարությունն ԱԺ-ում դրա հետ կապված։ Արձանը տեղադրվել է ՏԻՄ որոշմամբ, և պետք է հետևել նոր զարգացումներին»,- նշեց նա։

Հարցին, թե սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների վրա ազդեցություն չի՞ ունենա, Մնացական Սաֆարյանը պատասխանեց՝ այս փուլում այդ հարցը զարգացման գործընթացում է, ուստի ավելի նպատակահարմար է պատասխանատու փոխնախարարը այդ հարցին պատասխանի: