Իշխանությունները ուղղակի հեռացրին այն զինվորականներին, որոնց վրա չկարողացան որևէ խազ կամ կեղտ գտնել. Տիրան Խաչատրյան

«ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների նկատմամբ գործողությունները նոր չեն, դեռևս 2018-ից է դա սկսվել»,- այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝  անդրադառնալով գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդմանը:

Նա նշեց, որ այն զինվորականները, որոնք ի սկզբանե մտադրված էին անվտանգության համակարգում լինել և իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և որոնց վրա իշխանությունները չկարողացան որևէ խազ կամ կեղտ գտնել, ուղղակի հեռացրին. «Դա կլինի կալանք, կլինի ճնշման լծակներ գտնել, կլինի ինչ-որ ձևով մեկուսացնել, նույնիսկ ահաբեկչություն կիրառել: Ցավոք սրտի այս պահին դիմակայելու կամ հակադարձելու ձևեր դեռևս չեն եղել»:

Տիրան Խաչատրյանը նկատեց, որ կարծես բոլորը դեմ են, դժգոհ են իշխանություններից, բայց երբ գալիս է կոնկրետ քայլ անելու ժամանակը, բոլորը հայտնվում են դիտորդի կամ թատերասերի կարգավիճակում, որոնք սիրում են դատողություններ անել կողքից:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ քրեական գործը։