Արևմուտքում մոլորվածները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը լրագրող, քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանն է։

Ես չեմ հիշում հայ-ադրբեջանական այնպիսի երկարատև բանակցություններ, որոնք անցկացվեցին օրերս Վաշինգտոնում։ Մինչև այդ նման ձևաչափի հանդիպումներն անցկացվում էին Եվրամիության հարթակում, այս անգամ, և այն էլ չհայտարարված ձևով, դրանք ամերիկյան հարթակում կայացան։ Հիշում եք` ՀՀ վարչապետը հայտարարում էր, թե պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց իրեն երկաթե միջազգային երաշխիքներ են հարկավոր։ Այդպիսի երաշխիքներ մեր տարածաշրջանում կարող են տալ երկու պետություններ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը։ Եվրամիությունը այդպիսի երաշխիք չի կարող տալ։ Եվ վաշինգտոնյան հանդիպումը դրա վկայությունն է, որ Հայաստանը գնացել է ԱՄՆ-ի երաշխիքները ստանալու։ Նման կարծիք հայտնեց հաղորդման հյուրը՝ հավելելով, որ իր կարծիքով Վաշինգտոնում համաձայնության դետալներ են քննարկվել։ Սկզբունքները քննարկվում են կաբինետներում։

Անդրադառնալով Հանդիպման ժամանակ Ռուբեն Ռուբինյանի ներկայությանը՝ Էդուարդ Սարիբեկյանը հիշեցրեց, որ նա հայ-թուրքական հարաբերությունների կոմիսարն է, և նրա ներկայությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններում նաև հայ-թուրքական հարաբերությունների վեկտորները ապահովելու հանգամանքով։ «Հայկական կողմը Ռուբինյանին տարել էր, որպեսզի նա անձամբ կարողանա բանակցության որոշ դետալների քննարկման ժամանակ հաշվի առնել Թուրքիայի և Հայաստանի բանակցությունների դետալները։ Այսօր բացահայտ է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հիմքում հայ-թուրքական հարաբերություններն են, որտեղ դոմինանտ է թուրքական շահը։ Ռուբինյանը գնացել է ոչ թե հայկական շահը պաշտպանելու, այլ Բայրամովին հիշեցնելու, որ հանկարծ թուրքերի հետ հայկական կողմի պայմանավորվածությունների դեմ ոչինչ չանի»։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում