Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Դասականներ» բաժնում

Ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Դասականներ» (Cannes Classics) բաժնում և ցուցադրվելու է փառատոնի շրջանակում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ 2023 թվականին իրականացվել է ֆիլմի թվանշային վերականգնումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիայի կողմից։

«Բարև, ես եմ» ֆիլմը նկարահանվել է 1965 թվականին՝ «Հայֆիլմում», մեծանուն ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կենսագրության հիմամբ։ Ֆիլմը մասնակցել է 1966 թվականի Կաննի կինոփառատոնին, ներկայացվել «Ոսկե արմավենու ճյուղի»,  իսկ 1967 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի։