Չգիտեմ, թե ով է լսում Նիկոլին, ում է ինքը լսում. «Պատիվ ունեմ»-ը իրեն հաստատ չի լսում, ինքն էլ՝ մեզ. Հայկ Մամիջանյան

Երեկ Պրահայում Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հընթացս ակնարկեց նաև խորհրդարանական ընդդիմության հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու մասին:

«Վերջերս ես շատ կարևոր հայտարարություններ արեցի մեր խորհրդարանում, տեսա, որ ընդդիմությունը լսեց իմ ուղերձները։ Իմիջիայլոց, սա հաջողություն է մեր Խորհրդարանի համար, քանի որ անցյալ տարի անգամ չէին լսում, ականջալուր չէին լինում, ինչ-որ բան էին շպրտում, չգիտեմ, կռվում էին բռունցքներով, ձեռքերով։ Դա էլ է մարտահրավեր մեր ժողովրդավարության համար, որ կարողանանք պատշաճ մթնոլորտ ձևավորել՝ ունենալու համար տրամաբանական քննարկումներ։ Դա չի նշանակում, որ դրանք չպետք է թեժ լինեն, բայց ընդհանուր առմամբ մենք սկսել ենք միմյանց ականջալուր լինել, միմյանց լսել։ Հույս ունեմ՝ դա զուտ պատահականություն չէ, դա նոր մշակույթի սկիզբ է»,- ասել է Փաշինյանը։

168.am-ը Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին հարցրեց՝ կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի տպավորությունը, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու նրա հայտարարությունները, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության համար՝ լսելի են դարձել:

«Չգիտեմ, թե ով է լսում Նիկոլին, ում է ինքը լսում: «Պատիվ ունեմ» խմբակցությունն իրեն հաստատ չի լսում, ինքն էլ՝ մեզ: Սակայն ժողովրդի ձայնը, վերջիվերջո, ինքը ստիպված է լինելու լսել՝ ուզի, թե չուզի»,- կարճ ասաց Հայկ Մամիջանյանը: