Նիկոլի` «նախկիններն են մեղավոր» մանիպուլյատիվ թեզը հոգնեցրել, զզվեցրել է մարդկանց

Հայաստանի իշխանության ղեկը 2018-ից ձեռք գցած ազդեցության գործակալները շարունակում են հայ ժողովրդին կերակրել ստերով ու դրանով շեղել ժողովրդի ուշադրությունն իրենց ենիչերիական ծրագրերը մինչև վերջ ավարտին հասցնելու քայլերից:

5 տարի շարունակ սրանց կողմից անդադար տարածվող կեղծ թեզը, թե «ամեն ինչի մեղավորը նախկիններն են»` այսօր դադարել է իր ներգործությունն ունենալ, որովհետև անդադար պտտվող մաշված սկավառակը հոգնեցրել, զզվեցրել է մարդկանց: Փաշինյանը որքան շատ է իր չարածների համար մեղադրում նախկիններին` այնքան մարդիկ դադարում են նրան լուրջ վերաբերվել: Հաճախ կլսեք մարդկանց դժգոհությունը, թե. «Զզվեցրիր, հոգնել ենք` նախկիննե՜ր, նախկիննե՜ր», կամ «Ինչքա՞ն կարելի է նախկիններին մեղադրել, երբ արդեն 5 տարի դո՛ւ ես երկրի ղեկին»: Մարդիկ շատ լավ են հասկանում, որ նախկիններին անդադար մեղադրելով՝ Փաշինյանը փորձում է հայ ժողովրդի դեմ գործած իր սարսափելի մեղքերը ուրիշների վրա բարդել` խուսափելով սեփական պատասխանատվությունից:

Քաղաքական հակառակորդներին վարկաբեկելը Փաշինյանի գործելաոճն է: Նա մշտապես կիրառել է այդ պարզունակ մարտավարությունը` տարիներով սևացրել նախկին նախագահների կառավարման տարիները, արված գործերը, մարդկանց ուղեղներում կաթեցնելով սուտ ու կեղծիք: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներն անարդյունավետ որակելու համար Փաշինյանը, օրինակ, իր ընտանեկան թերթում` «Հայկական ժամանակում» շրջանառում էր նախագահի խոսքերը` դրանք համատեքստից կտրելով, հետո հակասություններ փնտրում հնչած հայտարարությունների և իրականության միջև, խտացնում գույները, նենգափոխում իրականությունը, արված գործերը որակում չարված` տալով ամենատարբեր ցինիկ որակումներ: Ցավոք, նախկինները շատ քիչ էին ուշադրություն դարձնում, հաճախ էլ աչքաթող էին անում Նիկոլի կողմից տարածվող կեղծիքը` այն համոզմամբ, որ ժողովուրդը տեսնում և գնահատում է արվող աշխատանքը: Նախկինները չէին էլ պատկերացնում, թե Նիկոլի ստերն իրականում ի՜նչ ավեր էին գործում. հասարակության ներսում ատելություն ու անվստահություն էին սերմանում օրվա իշխանության հանդեպ, ներսից խարխլում պետության հիմքերը: Ի վերջո, արտաքին ուժերը նաև Նիկոլի ստերով Հայաստանում հաջողեցին 2018-ի «թավշյա» գունավոր հեղափոխությունը:

2018-ի ապրիլին Ազգային ժողովում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադառնալով ընդդիմության ելույթներին, ասել է. «Ելույթներում երբեմն տեղ են գտնում ձևակերպումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել, քննադատական ելույթներում բավական շատ պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն… ամենաարդար դատավորը ժամանակն է և ժամանակն ամեն ինչ ցույց կտա»: Ապա հավելել. «Անցած 10 տարին մեր երկրի ու բոլորիս պատմությունն է, այն Սերժ Սարգսյանի պատմությունը չէ, և չարժե ամեն գնով սևացնել այն, ինչ է թե՝ հարկ կա թուլացնելու քաղաքական մրցակցին։ Արդար չէ և չարժե անել։ Վստահ եմ, որ այսօր շրջանառվող սիրողական իբր ամփոփումների փոխարեն՝ այդ տարիների մասին դեռ լուրջ վերլուծություններ կլինեն, մասնագիտական ուսումնասիրություններ ու հրապարակումներ կլինեն։ Չեն կարող չլինել։ Եվ, ի վերջո, պատմությունն է տալու իրական գնահատականը»։

Որքան էլ Փաշինյանի ռեժիմի վարձու գրչակները շարունակեն ցեխ շպրտել նախկինում արված գործերի վրա, միևնույն է` 2007-2017 թվականները մեր պատմության մեջ մնացել են որպես հիմնարար բարեփոխումների, պետականաշինության, անվտանգության տարիներ: Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները բարդ ժամանակաշրջան էր՝ տնտեսական ճգնաժամեր, պատերազմական իրավիճակներ: Բայց շնորհիվ վարվող քաղաքականության՝ Հայաստանը կարողացավ դիմակայել արտաքին մարտահրավերներին, դրանց զուգահեռ իրականացնելով բազմաթիվ բարեփոխումներ, ապահովելով երկրի առաջընթացը:

Արտաքին քաղաքականության ոլորտում նախագահ Սարգսյանն իր իշխանության տարիներին հաջողեց Հայաստանը դարձնել քաղաքական գործոն ու ամրապնդել երկրի անվտանգությունը:

 «Ե՛վև՛»-ի քաղաքականությունը հնարավորություն տվեց մեզ ակտիվ համագործակցել թե՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ` գործընթացը տանելով ի շահ Հայաստանի: «Մենք կարողացել ենք պարզ ճակատ կանգնել միջազգային բարդ ու հարափոփոխ հարաբերությունների հարթակում և ուղիղ նայել մեր բոլոր գործընկերների աչքերին»,- տարիներ առաջ ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը տարբեր առիթներով մեսիջներն էր հղում տարածաշրջանի զարգացումներով շահագրգիռ պետություններին` շեշտելով, որ Հայաստանի քաղաքականությունը կայանում է շահերի համադրման և ոչ թե հակասության մեջ: Շնորհիվ համադրման քաղաքականության՝ Հայաստանը կարողացավ անդամակցել ԵԱՏՄ-ին` միաժամանակ ԵՄ հետ ստորագրելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Մինչդեռ Փաշինյանի ղեկավարած Հայաստանն այսօր վերածվել է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի: Իրավիճակից օգտվելով, ամեն կողմն իրենն է ուզում պոկել մեր օրեցօր փոքրացող երկրից: Հավաքական Արևմուտքի նպատակն է Հայաստանի տարածքը ծառայեցնել ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուն և Հարավային Կովկասում լարվածության ստեղծմամբ շեղել ՌԴ ուշադրությունը Ուկրաինայից: Ի դեպ, սրան է ծառայվում նաև, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը», ինչի վերջնական նպատակը ռուսական զինված ուժերը ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից դուրս բերելն է։ Այս հակահայկական օրակարգի իրականացմանն են լծվել Նիկոլ Փաշինյանն ու իր ադրբեջանաթուրքական ֆինանսական հոսքերից սնվող քպ-ական խմբակը:

Արցախյան հարցում քաղաքականապես տգետ Նիկոլ Փաշինյանը, Ալիևի հուշումներով, շարունակում է պնդել, թե նախկինների օրոք «Մադրիդյան սկզբունքներով» Արցախը հանձնվել է Ադրբեջանին: Այս պարզունակ մանիպուլյացիան հօդս է ցնդում փաստերի համադրմամբ: Փաշինյանն ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս` ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Արցախը պետք է ինքնորոշվի Ադրբեջանի կազմում»,-սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են: Վերջինիս ձեռքով այսօր արցախյան խնդիրը վերաճել է տարածքային վեճի: Մինչդեռ ՀՀ նախկին նախագահներից որևէ մեկը` խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում: Ի վերջո, ակնհայտ փաստ է` Արցախն իրավական բոլոր քայլերով շատ ավելի վաղ է անկախացել ԽՍՀՄ-ից, քան իր անկախացման գործընթացը կսկսեր Ադրբեջանը:

Ներկայիս իշխանությունը, ձախողելով ողջ բանակցային գորընթացքը, հասել է նրան, որ համանախագահող երկրներից մեկի` ԱՄՆ-ի  Պետքարտուղարության կողմից  այս օրերին Վաշինգտոնում քննարկվող փաստաթղթում այլևս չկան «Արցախ», «արցախյան խնդիր» բառերը, չի հիշատակվում ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորագույն սկզբունքը, փոխարենը տեղ է գտել «երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ու անվտանգության հարցեր» ձևակերպումը, ինչը նշանակում է` Հայաստանի համաձայնությամբ Արցախի հանձնում Ադրբեջանին ու ադրբեջանցիների հնարավոր ներհոսք Հայաստանի Հանրապետություն։

Փաշինյանը հենց ի՛ր ազգադավ քաղաքականության հետևանքով Արցախն այսօր վերածել է արյունածոր վերքի, իր իսկ ձեռքով զրոյացրել Հայաստանի պետական արժանապատվությունը, երկիրը վերածվել օտարների շահը սպասարկող գործիքի:

 

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն իր բարձրակետին հասավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին: Բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը` մերժելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Մինչդեռ ներկայիս իշխանության քաղաքական օրակարգում չկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը, չկա պահանջատիրություն: Թրքահպատակ քպ-ականները «Հիշում ենք ու պահանջում» կարգախոսից հանել են «պահանջում ենք»-ը, սրանք հանդգնում են «Ցեղասպանություն» բառը փոխարինել իրավական պահանջ չարտահայտող «Մեծ Եղեռն» ձևակերպմամբ: Այս մարդիկ գնում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ուրացման ճանապարհով:

Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը ևս հետաքրքիր զարգացում ունեցավ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք. գործընթացի նախաձեռնումը նախագահ Սարգսյանի կարևոր քայլերից մեկն էր։ Հայաստանն այն նախաձեռնեց անկեղծ ու ազնիվ նպատակներով և դրանից դուրս եկավ նույնքան արժանապատվորեն: Աշխարհը մեր երկիրն ընդունեց որպես վստահելի գործընկեր, հասկացավ, որ անազնիվ «խաղը» թուրքական կողմից էր:

Ներքաղաքական զարգացումների առումով Սերժ Սարգսյանի իշխանության տարիները կարելի է անվանել քաղաքական հանդուրժողականության շրջան: Հիշենք, երբ Սարգսյանը 2008-ին ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը, երկրում կար ներքաղաքական մեծ լարվածություն, բևեռացվածություն: Սակայն նախագահին հաջողվեց հանդարտեցնել այդ լարվածությունը: Սերժ Սարգսյան պետական գործիչի համար անընդունելի են եղել ներքաղաքական բախումներ հրահրելը, երկրի ներսում բաժանարար գծեր քաշելը` սևե՜ր, սպիտակնե՜ր, ինչի սարսափելի հետևանքները տեսանք դագաղներով իշխանության եկածների օրոք… Շնորհիվ Սարգսյանի համբերատարության՝ հնարավոր եղավ հարթել ներքաղաքական խմորումները, ինչպիսիք էին` «էլեկտրիկ Երևանը», ՊՊԾ գնդի գրավումը: Սրանք երկրում արտաքին ուղղորդումներով իրականացվող գունավոր հեղափոխությունների սցենարաներ էին, որ նախկին իշխանության ջանքերով հաղթահարվեցին բանակցությունների միջոցով ու անարյուն:

Այս ամենով հանդերձ ասել, թե Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարիներին չեն եղել թերություններ` կլինի անլուրջ: Բայց մի բան է դժվարին աշխատանքում նկատվող բացթողումները, մեկ այլ բան է այս կապիտուլյանտ իշխանությունների ձեռքով երկրի ավերը, երկրի տարածքային ամբողջականության կորուստը. Հայաստանը շագրենու կաշվի պես օրեցօր մաշվում է, փոքրանում, իսկ սրա շարունակականությունը հանգեցնելու է պետականության կորստի:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Փաստ է, որ Նիկոլն ու իր քպ-ական խմբակը կորցնում են ժողովրդի վստահությունը: Եթե 3-4 տարի առաջ սրանց ասած ցանկացած հիմարություն` «հալած յուղի տեղ էր անցնում», հիմա իրավիճակն այլ է: Մարդիկ այլևս չեն կարողանում անտարբեր անցնել անգամ քպ-ական որևէ պաշտնյայի կողքից` առանց «դավաճան» բառը նրա դեմքին նետելու: Մարդկանց ոչինչ չի կաշկանդում` ոչ ոստիկանների կողմից թևերը ոլորելով բերման ենթարկելը, ոչ իշխանության հրահանով աշխատանքից ազատելը, ոչ քպ-ական «ուղտի»` քաղաքացու դեմքին թքելու անբարո վարքը, ոչ ականջ, լեզու կտրելու մասին մեկ այլ դեղնակտուց քպ-ականի ցինիկ հայտարարարությունները: Ադրբեջանաթուրքական գումարներով սնվող այս վարչախմբի ճնշումներն այլևս անզոր են կասեցնել հայ մարդու օրեցօր աճող ցասումը: Այս ամենը շատ լավ է հասկանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ու իրեն հատուկ ջղաձգումների մեջ ընկած` ավելի ու ավելի է պտտում մարդկանց հոգնեցրած մանիպուլյատիվ թեզերը…

Արմինե Սիմոնյան