Մեր մեկնած ձեռքը, կարծում եմ, Հայաստանի մեր գործընկերները կընդունեն․ Արցախի ԱԺ պատգամավոր (տեսանյութ)
Ես կարծում եմ՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մեզ վիրավորում են համապատասխան արտահայտություններով, համապատասխան տեսակետներ ներկայացնելով: Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հայտարարությունները շատ հաճախ կամ գրեթե միշտ լինում են միասնական ձևաչափով, ԱԺ-ում ներկայացված 5 ուժերի ձևաչափով, իսկ սա մեր մեծագույն նվաճումներից մեկն է, որին կարող են հետևել նաև Հայաստանի մեր գործընկերները և այդ համախոհության մթնոլորտի դրսևորումը դարձնել իրենց համար մշակույթ:
Ուզում եմ առաջարկել առաջիկայում կազմակերպել առցանց հանդիպում, եթե հնարավոր լինի միջխորհրդարանական հանձնաժողովների ձևաչափի մակարդակով, իսկ եթե ոչ, խմբակցությունների ղեկավարների, ԱԺ փոխնախագահների մակարդակով, բաց կամ փակ հանդիպում՝ քննարկելու նմանատիպ հարցեր:
Մենք ունենք քաղաքական պատասխանատվություն, քաղաքական կամք ու գիտակցում մեր յուրաքանչյուր խոսքի ու գործողությունների համար: Կարծում եմ՝ այս առաջարկը կողջունվի, և մենք որոշակի հետևողականություն կդրսևորենք, որ ոչ թե կրակի վրա յուղ լցնելու, այլ կրակը մարելու քայլ ձեռնարկենք: Մեր մեկնած ձեռքը, կարծում եմ, Հայաստանի մեր գործընկերները կընդունեն և համապատասխան եզրակացություններ կանեն»,-հայտարարեց նա:
ԱՀ ԱԺ հայտարարություններն ամբողջությամբ՝ տեսանյութում