Արյան աճուրդ։ Պատվի sale։ Հայրենիքի распродажа

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սա գերմանական Ռեյխստագի հարևանությամբ տեղադրված հուշարձանն է՝ նվիրված 1933-1945 թվականներին նացիստական Գերմանիայում սպանված 96 պատգամավորներին, որոնք 1933 թվականին դեմ էին Հիտլերին Գերմանիայի կանցլեր ընտրելուն։

Իսկ Հայաստանում ուղիղ հինգ տարի առաջ, 2018 թավականի մայիսի 1-ին Ազգային Ժողովի 55 պատգամավորներ դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը և դարձան ուղղորդված ատելության, անձնական թիրախավորման, արժանապատվության ոտնահարման, տների վրա հարձակման զոհ։

Հետո 55-ից ոչ բոլորը դիմացան։ Ոմանք լքեցին մեզ։ Ոմանց ստիպեցին հեռանալ Հանրապետականից։ Ոմանք որոշեցին դադարեցնել պայքարը։

Մնացածը մինչև վերջ մնացին անկոտրում։

Ես և իմ ընկերները, անկախ սպառնալիքներից, հետապնդումներից, ատելության և անհանդուրժողականության ուղղորդված արշավներից, մեր հանդեպ գործած բոլոր ստորություններից և անբարոյականություններից շարունակեցինք մեր ճանապարհը՝ հանուն ազատության և արժանապատվության։

Երկիր ու սերունդ կորցրեցինք։

Պատիվ և պատմություն։

Տղերք և հող։

Կյանք և հայրենիք։

Այսօր նորահայտ կույսերի և հանրահայտ պոռնիկների, անուղեղ մարմինների և անմարմին ուղեղների սնափառության տոնավաճառ է։

Արյան աճուրդ։ Պատվի sale։ Հայրենիքի распродажа։

Ու հենց այսօր, հինգ տարի անց, ուզում եմ նորից պարզ ճակատով և շիտակ կրկնել.

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՄ»