Արցախի Ասկերանի շրջանի 2 գյուղերում 10 րոպե կարկուտ է տեղացել. Բնական աղետի վնասների չափը ճշտվում է․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ (լուսանկարներ)

Մայիսի 1-ին Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ասկերանի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ, կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքում։

Բնական աղետի պատճառած վնասների չափը ճշտվում է։

ԱԻՊԾ տեղեկացմամբ, ավելի վաղ՝ ապրիլի 30-ին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ էր տեղացել Մարտակերտի շրջանի շուրջ 36 համայնքներում։

Կարկուտից վնասվել էին բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, 1 անասնաֆերմայի պատ փլվել է, 9 գլուխ հորթ սելավի հետևանքով քշվել է դեպի ձորը:

Բնական աղետից ամենաշատը տուժել է Չլդրան համայնքը։ Մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը գետնին է հավասարեցրել գյուղացիների մշակած այգիները։ Համայնքներում ամբողջությամբ գույքագրում են կրած վնասների չափը։