Ադրբեջանն ու Եվրամիությունը Բրյուսելում կքննարկեն ադրբեջանական գազի մատակարարումների հարցը

Եվրոպական միության էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը մայիսի 2-ին Բրյուսելում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ կանցկացնի ԵՄ-Ադրբեջան էներգետիկ երկխոսություն։

Կողմերը կամփոփեն էներգետիկ ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի համագործակցության արդյունքները և կքննարկեն դրա առաջընթացը։

«Մայիսի 2-ին ԵՄ-ն և Ադրբեջանը տեղեկատվություն կփոխանակեն գազի մատակարարման հետ կապված իրավիճակի, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից անցած տարվա ընթացքում ձեռնարկված միջոցների վերաբերյալ՝ դիվերսիֆիկացնելու էներգակիրների մատակարարումները և դադարեցնելու ռուսական վառելիքի ներմուծումը ԵՄ»,- ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Կողմերը կքննարկեն Հարավային գազային միջանցքի ընդլայնման հարցը՝ ի աջակցություն ԵՄ-ի ջանքերին և լրացուցիչ երթուղիներին՝ ԵՄ-ին կասպից գազ մատակարարելու համար։ Նախկինում գործընկերները պարտավորվել էին կրկնապատկել գազատարի հզորությունը՝ մինչև 2027 թվականը ԵՄ տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու համար։

Նրանք նաև կքննարկեն մաքուր էներգիային անցնելու հարցում համագործակցությունը  խթանելու հարցեր։