ԿԸՀ նախագահը կուսակցություններին հրավիրում է քննարկումների

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետ համագործակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցություններին հրավիրում է քննարկումների շարքի։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն:

Տեղեկատվական հանդիպում-դասընթացները կկայանան 2023 թ. մայիսի 2-5-ը, ժամը 14.00 կամ 16.00-ին՝ կուսակցությունների  նախընտրած օրը: Դասընթացը նախատեսում է կարևոր տեղեկություններ տրամադրել՝ կուսակցությունների կանոնադրությունները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու և ընտրական ցուցակները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ:

Քննարկումների առանցքում «Ընտրական օրենսգիրք» և «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում կատարված վերջին փոփոխություններն են լինելու։

Քննարկմանը յուրաքանչյուր կուսակցությունից երկու ներկայացուցիչ կարող են մասնակցել։

Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 1-ը, ժամը 12.00  լրացնել մասնակիցների տվյալները՝ սեղմելով հղումը և նշելով դասընթացի՝ նախընտրած ամսաթիվը: