Շիրակում հավատարմագրում չունեցող «Էֆ-Դի-Էյ լաբորատորիան» ՍԱՏՄ-ից նմուշներ է ընդունում փորձաքննության համար․ «Հետք» (տեսանյութ)

«Հետք»ը գրում է․

«2023թ. մարտի 2-ին «Հետք»-ի ընթերցողներից մեկը Գյումրիից տեսանյութ էր ուղարկել, որտեղ երևում էր, որ դեղատան տարածքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչը նախ միսը դնում է սպասասրահում, ապա՝ հանձնում աշխատակցին։

Տեսանյութը ստանալուց որոշ ժամանակ անց «Հետք»-ն այցելել է Գյումրու այդ դեղատուն՝ «Տոնուս-Լես ռեմեդի» և պարզել, որ այդտեղ է գտնվում «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ի «նմուշների ընդունման կետը»։

«Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ն Շիրակի մարզում չունի պարենային և ոչ պարենային ապրանքների փորձարկումներ իրականացնելու, ինչպես նաև՝ նմուշներ ընդունելու և/կամ նմուշառման հավատարմագրում։

Ավելին, 2022թ․ հոկտեմբերին Վարչական դատարանի վճռով մերժվել և անհիմն է ճանաչվել «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի»՝ ՍԱՏՄ-ի դեմ հայցը, ըստ որի՝ ընկերությունը պահանջում էր պարտավորեցնել ՍԱՏՄ-ին Շիրակում լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման համաձայնագիր կնքել իր ընկերության հետ։

Այնուամենայնիվ, դատարանի վճռից հետո՝ 2023թ.-ին, ՍԱՏՄ-ն պայմանագիր է կնքել «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի» հետ ու մինչ օրս նմուշներ է հանձնում Գյումրիում գտնվող ընդունման կետում, սակայն, ըստ Կառավարության որոշման, պետական վերահսկողություն իրականացնելու շրջանակում, պետք է հանձներ փորձարկման լաբորատորիա։

2023թ. ապրիլի 6-ին՝ տեսանյութը ստանալուց հետո, «Հետք»-ն այցելեց «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի»՝ Գյումրու «նմուշների ընդունման կետ»։

Այն գտնվում է Գարեգին Նժդեհ 2 հասցեում՝ «Տոնուս-Լես ռեմեդի» դեղատան տարածքում, զբաղեցնում է 7,32 քմ ընդհանուր տարածք, որտեղից նաև մուտք կա նույն հասցեում գործող ատամնաբուժարան։

Անմիջապես մուտքի մոտ տեղադրված է մեծ սառնարան, որի վրա փակցված է նշումներով թուղթ, քիչ այն կողմում ընդունման սեղանն է և փոքր սառնարան՝ «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի» լոգոյով՝ «նմուշների փոխադրման համար»։

Մեր այցելության պահին ընդունման սեղանի մոտ նստած աշխատակցից հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ ենք, արդյոք, ապրանք բերել փորձաքննության համար։ Պատասխանը բացասական էր։ Նշեցինք, որ Երևանից ճշտել ենք, ասել են՝ ընդունում են։ Այդ ընթացքում ընդունարանի աշխատակիցն արդեն հեռախոսով կապ էր հաստատել «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայից» Անահիտի հետ։ Նա նախ հետաքրքրվեց՝ ով ենք, ինչ ընկերություն ենք, ինչու ենք հարցնում։ Ապա ասաց, որ նմուշներ չենք կարող թողնել այդտեղ, քանի որ դա միայն ՍԱՏՄ-ի համար է։

Եթե լաբորատորիան ունի նմուշների ընդունման և/կամ նմուշառման հավատարմագրված կետ, ինչու՞ է խտրականություն ցուցաբերում և նմուշներ ընդունում միայն ՍԱՏՄ-ից, չէ՞ որ նմուշների ընդունումը լաբորատոր փորձաքննության փուլերից մեկն է՝ առաջինը։  

Ինչպե՞ս է դա տեղի ունեցել

2021թ. նոյեմբերին 8-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լաբորատոր փորձաքննության ծառայությունների մատուցման մրցույթ է հայտարարել (ծածկագիր՝ «ՀՀ ՍԱՏՄ-ՓԾՁԲ-22» ) Հայաստանի (բացառությամբ Շիրակի մարզի) և առանձին՝ Շիրակի մարզի համար։

Շիրակի մարզում մրցույթը հաղթել է մեկ ընկերություն, որը մարզում ուներ հավատարմագրված լաբորատորիա և բավարարում էր մրցույթի պահանջները։

Մրցույթի մյուս մասնակիցներից «Էֆ-Դի-Էյ լաբորատորիան» 2022թ․ փետրվարին դատի է տվել ՍԱՏՄ-ին` պահանջելով հնարավորություն տալ 2022թ․ ընթացքում լաբորատոր փորձաքննության ծառայություններ մատուցել նաև Շիրակի մարզում, ըստ այդմ՝ լաբորատորիայի հետ կնքել փորձաքննության ծառայության մատուցման շրջանակային համաձայնագիր (մինչ այդ ՍԱՏՄ-ն այս լաբորատորիայի հետ կնքել է ՀՀ ՍԱՏՄ-ՓԾՁԲ-22/2» փորձաքննության ծառայությունների մատուցման շրջանակային համաձայնագիր, որի 1.1 կետով սահմանվել է ծառայությունների մատուցման պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում՝ բացառությամբ Շիրակի մարզի)։

ՍԱՏՄ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ 2022թ․ ընթացքում ձեռք բերվելիք լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման կատարողը պետք է ստանձնի «Հայաստանի Հանրապետությունում՝ բացառությամբ Շիրակի մարզի և /կամ/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում լաբորատոր ծառայությունների փորձաքննության իրականացման պարտավորությունը»:

Այսինքն, հայտարարության մեջ հստակ տարբերակված է եղել, որ փորձաքննության ծառայությունների իրականացումը դասակարգվել է՝ ըստ տարածաշրջանի։ Դատարանն էլ իր հերթին արձանագրել է, որ  «Էֆ-Դի-Էյ լաբորատորիան» չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը կվկայեր, որ ընկերությունը գործունեություն է իրականացնում նաև Շիրակի մարզում:

Մինչ այդ, ՍԱՏՄ-ն 2022թ․ հունվարի 14-ի գրությամբ հայտնել է, որ լաբորատորիայի ներկայացրած որևէ փաստաթղթում նշված չէ, որ այն գտնվում է Շիրակի մարզում կամ այդտեղ ծառայություններ է մատուցում, ինչն էլ հիմք է հանդիսացել՝ մերժելու և վերջինիս հետ պայմանագիր չկնքելու։

«Ընկերությունը պետք է նաև հիմնավորեր որևէ կերպ իր՝ մրցույթին մասնակցելու պահանջներին բավարարելու հանգամանքը, որը կարող էր կատարել նաև հետագայում՝ նշելով իր՝ Շիրակի մարզում գործունեություն իրականացնելու հնարավորության մասին /այդպիսին լինելու դեպքում/, ինչը, սակայն, չի արել, ուստի դատարանը գտնում է, որ առկա չէ որևէ հիմք՝ պատասխանողին պարտավորեցնելու կնքել «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍՊ ընկերության հետ փորձաքննության ծառայության մատուցման շրջանակային համաձայնագիր, որով «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍՊ ընկերությանը կտրվի հնարավորություն 2022 թվականի ընթացքում լաբորատոր փորձաքննության ծառայություններ մատուցել նաև Շիրակի մարզում»:

Հատված ՎԴ/0833/05/22 գործով ՀՀ վարչական դատարանի պատճառաբանություններից և եզրահանգումներից

Դատարանը հայտնել է, որ մրցույթի շրջանակներում փորձաքննություն կատարելու նպատակով կնքվող գործարքի համար լաբորատորիան պետք է ապահովեր հրավերով սահմանված որակավորման չափանիշներն ու պայմանները։ Ըստ այդմ՝ անհիմն է համարել «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի» հայցն ու մերժել։

Սակայն, այս վճռից որոշ ժամանակ անց ՍԱՏՄ-ն Շիրակում լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման համաձայնագիր է կնքել նաև «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի» հետ. ընկերությունը ՍԱՏՄ ղեկավարին գրությամբ հայտնել է, որ Գյումրիում ունի «Նմուշների ընդունման և տեղափոխման գրասենյակ», որտեղ ընդունվելու են նմուշներն ու ուղարկվեն ընկերության լաբորատորիա (Կոտայքի մարզ)։

ՍԱՏՄ-ն 2023թ.-ին «Հայաստանի Հանրապետությունում (Շիրակի մարզում) լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման համար շրջանակային համաձայնագրեր է կնքել «Ստանդարտ Դիալոգ» և «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ի հետ։ Այդ համաձայնագրի համաձայն՝ լաբորատորիաները պարտավոր են ծառայություն մատուցել «Երևանում և դրա հարակից շրջաններում ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում»։

Ըստ «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի» հետ կնքված համաձայնագրի՝ նմուշները Շիրակի մարզում ներկայացվելու են Գյումրիի Գ. Նժդեհի փ. 2 շենքի 1-2-3 հասցե, որտեղ գտնվում է ատամնաբուժարան, նաև՝ «Տոնուս-Լես ռեմեդի» դեղատունը, որի տարածքում և գտնվում է «նմուշների ընդունման գրասենյակը» (թե՛ դեղատան, թե’ ատամնաբուժարանի, թե’ գրասենյակի մուտքը նույնն է – հեղ.)։

Ընդունման կետի ընդհանուր տարածքը, ինչպես արդեն նշեցինք, 7,32քմ է, «Էֆ-Դի-Էյ լաբորատորիային» տրվել է ենթավարձակալությամբ։

Հենց այստեղ են ՍԱՏՄ տեսուչները թողնում նմուշները, որպեսզի դրանք տեղափոխվեն Կոտայքի մարզում գտնվող «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»՝ ընկերության միակ լաբորատորիան։

Հավատարմագրման ազգային մարմինը 2023թ. հունվարի գրությամբ հաստատել է, որ «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ն  Շիրակի մարզում պարենային և ոչ պարենային ապրանքների փորձարկումներ իրականացնելու իրավասություն չունի (նշել է՝ հավատարմագրված է միայն մեկ լաբորատորիա՝ 061/ T-098 գրանցահամարով)։

Ավելին, Հավատարմագրման ազգային մարմինը Գյումրիի Գ. Նժդեհի 2 շ. 1-2-3 ատամնաբուժարանի հասցեում գնահատում չի իրականացրել, ինչն անհրաժեշտ է նմուշներն ընդունելու և/կամ նմուշառելու իրավունքի համար, իսկ «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ի՝ 050/T-092 հավատարմագրման վկայագրի գործողությունը չի տարածվում ընկերության՝ Գյումրիի հասցեում իրականացվող գործունեության վրա։

Սա հաստատում է նաև Էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված համապատասխանության գնահատման, փորձարկում իրականացնող մարմինների ցանկը.  https://mineconomy.am/page/400  մասնավորապես, կայքում ներկայացված են ԵԱՏՄ և Հայաստանի՝ պարենային և ոչ պարենային արտադրանքի փորձարկում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինների ցանկը (ՀԳՄ), որտեղ «ԷՖ-Դի-Էյ լաբորատորիան» ներառված չէ։

Միևնույն ժամանակ, Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված՝ Ն-22 համապատասխանության գնահատման մարմնի վկայականում «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի՝ որպես նշանակված ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայր նշված է «Կոտայքի մարզ, Նոր գյուղ, 6-րդ փող., շին 1-ը»։

«Էֆ-Դի-Էյ լաբորատորիային» խնդրել էինք պարզաբանել՝ ինչպես է նմուշներ ընդունում Գյումրիում, եթե այդ ընդունման կետը գնահատում չի անցել և հավատարմագրում չունի։

Ընկերության՝ Հաճախորդների սպասարկման բաժնի ավագ մասնագետ Աննա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գյումրու կետը նմուշների ընդունման կետ է և հավատարմագրման գնահատում չի պահանջում։ «Լաբորատոր գործունեությունը փորձարկումն է, տրամաչափարկումն է և նմուշառումը։ Այս երեքից ոչ մեկը Գյումրու մեր կետում չի կատարվում։ Ինքը պարզապես նմուշների ընդունում է կատարում. տվյալ կետում ո’չ փորձարկում է կատարվում, ո’չ նմուշառում է կատարվում, ո’չ տրամաչափարկում է կատարվում, որը, ըստ ISO 17025 ստանդարտի, պարտադիր պահանջ է՝ որպես լաբորատոր գործունեություն»,-հայտնեց Ա. Սարգսյանը՝ նշելով, որ Հավատարմագրման ազգային մարմինը եկել է, այդ կետը տեսել է, տեսել է՝ ինչպես է ամբողջ ընթացակարգը կատարվում, ինչ սառնարաններով է գնում և այլն։

Դիտարկմանը, որ Հավատարմագրման ազգային մարմնից հայտնել են, որ իրենք Գյումրիի այդ հասցեում գնահատում չեն իրականացրել, Ա. Սարգսյանը պատասխանեց՝ երբ իրենք այդ կետը տեսել են, «համոզվել են, որ դա գնահատում չէ», և ոչ մի խնդիր նմուշների ընդունման կետի մասով չկա (նշենք, որ նմուշների ընդունման կետը լաբորատոր փորձաքննության փուլերից մեկն է՝ առաջինը-հեղ)։

Ինչ վերաբերում է հարցին, որ այն դեղատան տարածքում է, Ա. Սարգսյանի խոսքով՝ այս պահին այդ կետն ապակիներով փակել են, և այն չի խանգարում ո’չ դեղատանը, ո’չ ատամնաբուժարանի այցելուներին։

«Այդ ընդունման կետը «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի» մի բաժինն է, իրեն է պատկանում, այսինքն՝ ինքը մտնում է այդ հավատարմագրման ընթացքի մեջ։ Դրա համար այդ ընթացքում, որ եկել, նայել են, իրենք իրենով էլ՝ չառանձնացված վիճակով, ոչ մի խնդրահարույց բան չէր, որովհետև այդտեղ ընդունվում են միայն Սննդի անվտանգության կողմից եկած նմուշները. ընդունվում են սառնարանով եկած վիճակում, անմիջապես մուտք է լինում մեր այնտեղի սառցարան և հետո այդտեղից դուրս է գալիս, սառնարանի մեջ է դրվում, բերվում է այստեղ։ Այսինքն՝ այստեղ որևէ շփում կամ ինչ-որ այլ խնդիր չկա»,- ասաց Ա. Սարգսյանը։

ՍԱՏՄ-ին խնդրել էինք պարզաբանել՝ այնուամենայնիվ, ինչպե՞ս է Շիրակի մարզում լաբորատոր փորձաքննությունների ծառայության պայմանագիր կնքել մարզում գնահատում չանցած, հավատարմագրում չունեցող «Էֆ-Դի-Էյ լաբորատորիայի» հետ։

ՍԱՏՄ-ից հայտնել են, որ «ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիան» հավատարմագրված է և նշանակված՝ որպես համապատասխանության գնահատման մարմին և հայտ է ներկայացրել Շիրակի մարզում 2023թ․ ընթացքում ձեռք բերվելիք լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման համար, մրցույթի քարտուղարներն էլ առաջարկել են լաբորատոր փորձաքննության ծառայությունների մատուցման եռակողմ պայմանագիր կնքել այդ ընկերության հետ։ Իսկ այդ մրցույթների հրավերներով Շիրակի մարզում լաբորատորիա ունենալու պահանջ սահմանված չի եղել։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Գյումրիի Գարեգին Նժդեհ 2 դեղատան-ատամնաբուժարանի հասցեում գտնվող տարածքը, որն ունի մեկ ընդհանուր մուտք, բավարարու՞մ է, արդյոք, նմուշների ընդունման կետ լինելու և/կամ նմուշառելու պահանջներին, թույլատրելի՞ է արդյոք դեղատան տարածքում դեղերի վաճառքին զուգահեռ իրականացնել նաև այլ գործունեություն, մասնավորապես՝ ընդունել պարենային ապրանքներ (խաշի տոտիկներ, մանր կճղակավոր կենդանիների, օրինակ՝ ոչխարի աղիքներ, որոնք օգտագործվում են երշիկի արտադրության մեջ) փորձարկման համար, ՍԱՏՄ-ից նշել են, որ այդ հարցերով պետք է դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին և Էկոնոմիկայի նախարարություն»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում