Ինչպե՞ս են Ադրբեջանում մեկնաբանում Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարությունը

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանն ուսումնասիրել է ադրբեջանական արձագանքները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարության վերաբերյալ.

«Օրերս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Լաչինում անցակետի տեղադրումը հատում է կարմիր գիծը, ուստի եթե ռուս խաղաղապահները հարցը չլուծեն, ապա կլինեն գործողություններ իրենց կողմից:

Այս հայտարարությունը տառ առ տառ քննարկվում է ադրբեջանական մեդիա տիրույթում: Արցախի հայերի դեմ փաստացի ահաբեկչություն իրականացնող ադրբեջանցիները փորձում են մեկնաբանել, թե իբրև Ռուբեն Վարդանյանը դրդում է «ահաբեկչական գործողությունների»:

Օրինակ, հայերի արյունը քյաբաբի վրա լցնող ռասիստ լրագրող Ֆարդին Իսազադեն մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ նշում է, որ Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի Ռուբեն Վարդանյանին բռնելու ու չեզոքացնելու ուղղությամբ: Որոշ ադրբեջանական աղբյուրներ էլ մեկնաբանում են, թե իբրև այս ամենը Մոսկվան է կազմակերպում, քանի որ հասկանում է, որ շուտով Ադրբեջանը դուրս կբերի ռուս խաղաղապահներին:
«Ադրբեջանին փորձում են մաքսիմալ վախեցնել, որպեսզի ստանան մինիմալ արդյունք»,–գրել է ադրբեջանական «Caliber.az» կայքը:
«Վարդանյանը վա–բանկ է գնում»,–գրել էր «Հաքին.ազ» կայքը:

Հայկական մեդիա տիրույթում այս հայտարարությունը քննարկման չի արժանացել, բայց ադրբեջանցիները շատ ավելի ուշի ուշով են հետևում Արցախից հնչող տեքստերին ու կոչերին:
Չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Ռուբեն Վարդանյանը, բայց իմանալով Արցախի հայերին, գիտեմ, որ նրանք հեշտ հանձնվող ու բախտի քմահաճույքին տրվող տեսակ չեն:
Օտարերկրյա տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ շատերն են հարցնում, թե ինչպես են այնտեղ հայերը դիմանում այդ պայմաններին, ես սովորաբար ի պատասխան ասում եմ՝ իսկ դու ձեր տնից ու երկրից կհրաժարվեի՞ք առանց պայքարի:

Արցախի համար մենք պայքարել ենք տասնամյակներով, ունեցել ենք հազարավոր զոհեր թե՛ առաջին պատերազմի, թե’ 2020 թվի ժամանակ: Հիմա ուղղակի նայել ու ասել՝ վերջ մենք կորցնում ենք Արցախը, նշանակում է ուրանալ պայքարը, անձնազոհությունը, չունենալ գաղափար ու արժանապատվություն: Իսկ Արցախի կորուստը կարճ ժամանակ անց բերելու է Հայաստանի կորստի, մեր հակառակորդները դրա մասին շատ լավ գիտեն, դրա համար այսօր ամեն գնով փորձում են «փակել» Արցախի հարցը՝ ազատվելով այնտեղ ապրող հայերից»։