Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են

«Եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության: Եվ ես ուզում եմ դա ապացուցելու համար մեջբերել Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի մեջբերում, որտեղ ասվում է․ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար՝ ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»: Թող եկեղեցին ինքն իր էության, ինքն իր տեսության և ինքն իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել և հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը»։ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2023/04/21/Nikol-Pashinyan-Speech/ 2023 թ․ ապրիլի 21-ին Ազգային ժողովում Կառավարության 2022 թվականի ծրագրի կատարման զեկույցի քննարկման եզրափակիչ ելույթում այսպես տարօրինակ և աղմկոտ հայտարարություններ (այսպես է որակել իր ասածը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը) արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարություն-եկեղեցի փոխհարաբերությունները։

2018-ին թավշյա ոչ բռնի հեղափոխություն աղաղակելով ու միաժամանակ դագաղներ, սև ժապավեններ, ծաղկեպսակներ, սպառնալիքներ ու բռնության կոչեր հնչեցնող «աստվածատուր» իշխանությունը, մոռանում է ամենակարևորի մասին՝ Աստծո 10 պատվիրանների մասին, որոնց մեծ մասը, ըստ էության, հանրայնորեն խախտում է։

Մի կողմ թողնելով այն ակնհայտ մեղքերը, որոնք հասարակ մահկանացուն իրագործում է և դեռ ինչքան պետք է իրագործի, հիշենք «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7)» պատվիրանը, որը, ավաղ, Փաշինյանը չի վարանում խախտել ամեն անգամ, երբ հարկ է համարում մանիպուլացնել ժողովրդին: Փաշինյանի «աստվածաբանական» գիտելիքներին շատ համապարփակ արձագանք է տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Հրապարակ»-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ եթե մարդ կարողանում է ստել, տարբեր ժամանակներում 180 աստիճանով խմբագրել իր իսկ արտահայտած մտքերը, այդ մարդուց ինչ ենք պահանջում։

«Դե ուրեմն նախորդ իշխանությունն էլ էր Աստծուց, և այդ Աստծուց եկող իշխանության հետ եկեղեցին հաշտ էր, բայց այն ժամանակ ինքը դժգոհ էր և՛ իշխանությունից, և՛ եկեղեցուց, որը հաշտ էր իշխանության հետ։ Այն ժամանակ Աստծուց չէ՞ր, հիմա՞ է Աստծուց, այսինքն՝ երբ որ ինքն է, դարձավ Աստծո՞ւց։ Ուրեմն Պողոս առաքյալը, այո, նման բան ասել է, բայց դա պետք է կոնտեքստի մեջ հասկանաս, համատեքստի մեջ հասկանաս, ընդհանուր Աստվածաշնչի մեջ հասկանաս։ Եվ այո, Պողոս առաքյալը հնազանդ էր իշխանություններին, երբ որ իրեն ձերբակալեցին ու մահվան դատապարտեցին, բայց ինչի՞ համար մահվան դատապարտեցին․ որովհետև ինքը նաև չհնազանդվեց իշխանություններին, չուրացավ Աստծուն, չկատարեց իշխանության կամքը, Քրիստոսից չհրաժարվեց։ Ուրեմն եթե իշխանությունը գործում է հակառակ Աստծո պատվիրաններին, այդ իշխանություններին այդ հարցում հնազանդ լինելու ոչ մի անհրաժեշտություն չկա, նույնիսկ ընդհակառակը։ Այսքանը պիտի որ հասկանա «աստվածաշնչագետը», «աստվածաբանը», բայց որտեղի՞ց հասկանա, իրեն պետք է ճամարտակել, ինչպես բոլոր հարցերում ճամարտակում է, հիմա սկսել է ճամարտակել նաև աստվածաբանական հարցերում»։ https://hraparak.am/post/0b0f9aaef79a144a6a0f9c452d09a525

Փաշինյանի այս ճամարտակություններին շատ հոգևորականներ անդրադարձան, մանավանդ, որ նա իր «աստվածատուր» իշխանության մասին հիշեցնում էր ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարության, բայց Փաշինյանի դարակազմիկ հայտարարարությանն ավելի ուշագրավ և բնորոշ որակում տվեց Փաշինյանի հոգևոր հայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով փորձեց բացատրել իր աշակերտին՝ մեկնելով Աստվածաչունչը և օրինակներ բերելով («Որպես նմուշ, ընթերցողին եմ ներկայացնում Հայոց Լևոն 1-ին թագավորի երդման բնագիրը»)․

«Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը: Սաղմոսասացի արվեստին «կատարելապես» տիրապետած վարչապետն այժմ որոշել է իր ծանրակշիռ ավանդը ներդնել նաև աստվածաբանության ոլորտում․․․

Թվում է, թե իր կուռ (իրականում՝ մանիպուլյատիվ) տրամաբանությամբ Փաշինյանն անելանելի վիճակի մեջ է դրել Եկեղեցուն: Հարց չկա, Փաշինյանը միանգամայն ճիշտ է, որ ըստ Աստվածաշնչի, իշխանությունը շնորհվում է Աստծու կողմից: Սակայն նա գաղափար անգամ չունի այն մասին, թե Աստված «տեխնիկապես» ինչպես է իրականացնում իշխանակարգման իր գործառույթը: Ի մեծագույն հիասթափություն Փաշինյանի, Աստված այդ գործառույթն իրականացնում է Եկեղեցու խողովակով: Քրիստոնեական աշխարհի բոլոր գահակալներն այդ շնորհին արժանացել են Եկեղեցու առաջնորդի (Հայաստանում՝ Կաթողիկոսի, լատինական աշխարհում՝ Հռոմի Պապի, հունադավանների տիրույթում՝ Կոստանդնուպոլսի Պատրիարքի) օրհնությամբ: Գահակալվողը ծնկի էր գալիս Եկեղեցու առաջնորդի առջև, արժանանում վերջինիս օրհնությանը եւ օծություն ստանում նրանից, ապա արտասանում իր երդումը»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իրեն Աստծո մարդը համարելով, 2019-ից ի վեր չի այցելել եկեղեցի, այն նույն Տիրոջ տուն, ով իրեն շնորհել է իշխանություն։ Նրան այլևս հնարավոր չէ տեսնել եկեղեցական արարողություններին, քրիստոնեական ծիսակարգերին, և առհասարակ ինչպես Աստծո պատվիրաններում է ասվում՝ «Շաբաթ օրը սուրբ պահիր» և նվիրիր Աստծուն՝ այցելելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի, կարծես, նրան չի վերաբերում։

Ինչևէ, թողնենք իր խղճին իր և Աստծո փոխհարաբերությունները, բայց Փաշինյան Նիկոլը նույնիսկ իր այս աղմկոտ հայտարարությունով հակասում է ընդդիմադիր Փաշինյան Նիկոլին, որը երբեմնի ընդդիմություն լինելով՝ ամեն պատեհ և անպատեհ առիթ օգտագործում էր դատափետելու նախորդ իշխանություններին՝ այդ թվում նաև եկեղեցի-իշխանություն համատեքստում։ Եվ ինչպես Սրբազան Հայրն է ասում իր վերոնշյալ հարցազրույցում․ «Ուրեմն եթե մյուս իշխանությունների ժամանակ եկեղեցին հաշտ ապրում էր այդ իշխանությունների հետ, ինքն ինչո՞ւ էր դժգոհում այն ժամանակ եկեղեցուց, ինչո՞ւ էր հակառակը պահանջում եկեղեցուց։ Նախորդ իշխանությունների ժամանակ եկեղեցու հարաբերությունները իշխանությունների հետ բարեկամական էին, չէ՞, ինչո՞ւ էր ինքը այն ժամանակ դժգոհում եկեղեցուց»։ https://hraparak.am/post/0b0f9aaef79a144a6a0f9c452d09a525

Իսկ նախորդ իշխանությունները, անկախ որոշակի տարաձայնություններից,  իրավամբ, ոչ միայն հարգանքի և մեծարման հենքի վրա հիմնված հարաբերություններ ունեին եկեղեցու հետ, այլև կարևորում էին եկեղեցու դերը պետության կայացման և բանակի ամրապնդման գործում։

Մի կողմ թողնելով բոլոր այն կրոնական տոնակատարությունները, որոնց պարտադիր մասնակցություն էին ցուցաբերում նախորդ իշխանությունները, օրինակ բերենք նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը 2017 թ․, որտեղ ժամկետային զինծառայողներին ողջունելով, նախագահը հերթական անգամ կարևորեց եկեղեցի-բանակ կապը, ընդգծեց․ «Վաղուց Սուրբ Սարգիսը դարձել է խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների և երիտասարդների համար»։

Նախագահը ցավով, բայց հպարտությամբ հիշատակելով 2016 թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսներին (ի տարբերություն «Աստծո մարդը» հանդիսացող Փաշինյանի, ով հերոս նահատակներին պլյուս-մինուս 50-ով է հաշվում), Աստծո օրհնանքն է խնդրում զինվորների համար․  «Այստեղ ներկա են զինվորներ, ովքեր անցյալ տարվա ապրիլին պաշտպանեցին մեր պատիվը, պաշտպանեցին մեր անկախությունը, մեր սահմանների անքակտելիությունը: Ցավոք, շատ արժանիներ այսօր շարքում չեն, բայց նրանք մեզ հետ են, որովհետև նրանք իրենց կյանքի գնով հնարավոր դարձրին այն, ինչը դուք միասին արեցիք և, իհարկե, անմահացան: Գիտեք, սիրելի՛ զինվորներ, խիզախությունը, քաջությունը ձեզնից անբաժան պետք է լինեն, բայց մեկ անգամ ևս կրկնում եմ, որ դուք պետք է խիզախության, քաջության հետ այնպես անեք, որ ողջ մնաք, որպեսզի մեր ազգը հարատևի, որպեսզի մեր ժողովրդի լավագույն տեսակը ավելանա, շատանա․․․ Թո՛ղ Սուրբ Սարգիսն ապահովի ձեզ բարի ու անփորձանք ծառայությունը: Թո՛ղ այսօրվա օրհնանքները և այսօրվա աղոթքները միշտ անպակաս լինեն ձեզնից»։

Ի վերջո պետության ղեկավարը, առաջնորդը, ով ստանձնում է այդ բարդագույն պարտավորությունը՝ ղեկավարելու և համակարգելու պետության պաշտպանությունը, պարտավոր է հարգել պետության հիմքերը հանդիսացող բոլոր ինստիտուտները, այդ թվում Եկեղեցին, որի մասին հստակ ամրագրում կա ՀՀ Սահմանադրության մեջ։

Ցավոք, այսօրվա իշխանություններն ամեն կերպ մսխում են ամեն բան և որակազրկում քրիստոնյա հայի ինքնությունը։

Ամփոփելով՝ հիշեցնենք աստվածաշնչյան արժեքները կարևորող անհատներին, որ սատանան էլ է հաճախ հղում տալիս Աստծուն և փորձում հիշեցնել, որ երբևէ հրեշտակ է եղել, իսկ Աստծո կողմից «ուղարկվածների» մասին Սուրբ գրքում հստակ ասվում է․

«15․ Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ 16․ Իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց։ Մի՞թե փշից խաղող կքաղեն կամ տատասկից՝ թուզ։ 17․ Լավ ծառը լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ 18․ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ 19․ Այն ծառը, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։ 20․ Ուրեմն՝ իրենց պտուղից կճանաչեք նրանց»։ Հիսուս Քրիստոսի Ավետարանը ըստ Մատթեոսի (Մտ 12.33, Ղկ 6.43-44)

Ժաննա Ծառուկյան