Կարևոր է, որ Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման հարցում․ Զախարովա

Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանը իր ներդրումն ունենա փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով անցակետի տեղակայումը։

«Ռուսաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ԱԳՆ-ի այս տարվա ապրիլի 24-ի հայտարարության մեջ։ Ներկայումս, ինչպես տեղում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, այնպես էլ քաղաքական մակարդակով անհրաժեշտ ջանքներ են գործադրվում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնություններին վերադառնալու համար»,- հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Բաքուն հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: