Նման պատվիրված «ասելիքին» պետք է ասել հետևյալը

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սոցցանցում կան «կերպարներ» որոնք, պարզվում է, ամեն ինչի մասնագետ են ու այնպիսի առոգանությամբ են կառուցում իրենց «քննադատությունը», որ սկսում ես մտածել դրանց ադեկվատության մասին: Ցավալի է, որ այդ մարդիկ, հրապարակային խոսք ասելուց առաջ իրենց նեղություն չեն տալիս թեմային խորքային տեղեկանալ: Հատկապես, որ այն վերաբերում է երկրի անվտանգությանն ու պաշտպանական քաղաքականությանը:

Այդպիսի մի «բայրաքթարագետ» էլ բայրաքթարների մասին ինտերնետից արտատպած կարճ գրառում է արել, ու իրեն «հռչակելով» ռազմական գործի ականավոր գիտուն` կրկին իբրև թե «քննադատել է» նախորդ իշխանություններին:

Նման պատվիրված «ասելիքին» պետք է ասել հետևյալը: Պետության պաշտպանական քաղաքականությունն այնքան պրիմիտիվ չէ, որպեսզի մակերեսային դատողությունների տեղ թողնի: Մեր երկրի սպառազինության քաղաքականությունը մինչև 2018թ. զարգացել է համաչափ` սիմետրիկ ու ասիմետրիկ եղանակներով պատասխանելով Հայաստանի և Արցախի հիմնական սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն էր, ինչը ցույց տվեց Ադրբեջանի ձեռք տակ եղած անօդաչու ավիացիայի անէֆեկտիվությունը և դրանց դեմ հայկական կողմից գործարկված հարվածային մեխանիզմները: Նույնիսկ ադրբեջանական ԶՈւ իսրայելական անօդաչուները (որոնք բավական էֆեկտիվ են համարվում) չկարողացան փոխել քառօրյա պատերազմի ընթացքը:

Հետագայում, 2017թ. մշակված ՀՀ ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագիրը, սպառիչ պատասխանում էր ՀՀ ԶՈւ կարողությունների ավելացման հարցերին` այդ թվում նաև թուրքական բայրաքթարի և այլ միջոցների դեմ: Նախատեսված էր կարճ ժամկետներում ձեռք բերել շատ մեծ թվով (չհրապարակեմ թիվը) ԱԹՍ-եր, ժամանակակից ՀՕՊ համակարգեր և այլն: Իսկ թե ինչու՞ այն կյանքի չկոչվեց մինչև 2020թ.սեպտեմբեր, թող ֆեյսբուքյան գիտուններն այդ հարցն ուղղեն կապիտուլյանտներին: Այս մասին բազմաթիվ անգամներ ենք խոսել և անընդհատ ենք խոսելու` քանի դեռ կան մանիպուլյատիվ եղանակով նախորդ իշխանություններին անիմաստ «քննադատող» կերպարներ:

Ցավալի է, որ խոսողները չգիտեն, թե ինչը ինչպե՞ս է եղել իրականում, և առաջնորդվում են կեղծ պրոպագանդիստական, շինծու թեզերով ու մարդկանց թունավորելու մոլուցքով:

Ինչ վերաբերում է ՊՆ այլ (ոչ ռազմական) ծախսերը տվյալ «քննադատի» կողմից որպես համեմատություն մեջբերելուն, ապա դա ևս մեկ վկայություն է, որ վերջինիս ոչ թե բանակի սպառազինությունն էր հետաքրքրում, այլ էժանագին «քննադատությունը» և չարիքի վերածված պոպուլիզմը»։