Էրդողանը սրտի կաթված է տարել. ԶԼՄ-ները պնդում են, պաշտոնյաները՝ հերքում

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է տարածվող այն լուրերը, ըստ որոնց՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել։ Այս մասին գրում է «Էրմենահաբերը»։

«Որոշ լրտավամիջոցներ տարածել են տեղեկություն այն մասին, թե նախագահ Էրդողանը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել, բայց այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Եվ նշել են, որ ապրիլի 27-ին Էրդողանն առցանց եղանակով կմասնակցի «Աքքույու ատոմակայանի առաջին վառելիքի բեռնման» արարողությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Էրդողանի առողջական վիճակի մասին լուրերին արձագանքել է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը՝ նշելով, որ որոշ օտարերկրյա լրատվամիջոցներում «անբարոյական կերպով սուտ լուրեր» են հրապարակվում Էրդողանի առողջության վերաբերյալ։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն էլ հայտարարել է, որ Էրդողանի առողջական վիճակը շատ լավ է, պարզապես նա թեթև մրսածություն է ունեցել։

Հիշեցնենք, որ Էրդողանը ապրիլի 25-ին հեռուստատեսային ուղիղ եթերի ժամանակ հանկարծակի վատացել էր, ինչի պատճառով ընդհատվել էր ուղիղ հեռարձակումը։

Շուրջ 25 րոպե տևած դադարից հետո եթերը կրկին վերականգնվել է, բայց Էրդողանի գունատ տեսքից և դողդոջուն ձայնից ակնհայտ է դարձել, որ նա խիստ վատառողջ է։