Ադրբեջանը շտապում է վերցնել առավելագույնը, իսկ մեր անվտանգության միակ ատրիբուտը ասֆալտն է (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գործիչ և վերլուծաբան Արման Աբովյանը:

Խոսելով ավելի քան 4 ամիս Արցախը շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին՝ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ, խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետը, Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա ապօրինաբար հսկիչ անցակետ տեղադրելու փաստի մասին՝ Արման Աբովյանն ընդգծեց․ «Մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը տանում է իր տարածաշրջանային քաղաքականությունը դեպի հայաթափում, որն իհարկե, Արցախով չի եզրափակվելու, ինքն անանջատ պրոցես է Հայաստանի հետ կապված գործընթացների ներքո, և այս պարագայում մենք մեզ պետք է շատ հստակ պատասխան տանք՝ ինչ է իրականում կատարվում, իսկ իրականում կատարվում է հետևյալը․ համաձայն հին ու վատ ավանդույթի՝ այս իշխանությունները կրկին փորձում են սլաքներն ուղղել այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնների ուղղությամբ, տվյալ դեպքում ռուսների՝ պահանջելով ռուսներից կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիմնական դրույթները»։ Իր լիակատար համաձայնությունը հայտնելով, որ ռուսական կողմը ունի պարտավորություններ, որոնք պետք է կատարի, նա կարևորեց մի բան, որի մասին լռում է այս իշխանությունը․ «Երբ տևական ժամանակ օրը 68 անգամ իշխանությունը բարձրանում և ասում է, որ ինքն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն առանց որևէ վերապահումների, ադրբեջանցիները տեղադրելով այդ անցակետը՝ նույն ռուս խաղաղապահին ասում են՝ ինչ ես ուզում մեզնից, հայկական կողմն արդեն ընդունել է մեր տարածքային ամբողջականությունը»,- հավելեց բանախոսը։

Խոսելով իշխանության այսօրվա խոսույթի և գործելաոճի մասին, այդ թվում նաև եկեղեցուն թիրախավորելու մասին՝ Արման Աբովյանն ընդգծեց, որ պետք է հաշվի առնել մի կարևոր իրողություն․ այսօր հարցն այլևս քաղաքական չէ, այսօր արդեն գոյաբանական խնդիր է, պետք չէ լսել ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, պետք է լսել ինքներդ ձեզ, հավատալ ձեր աչքերին և ականջներին և հաշվի առնել այն կարևոր իրողությունը, որ եթե  ուզում ես վերացնել պետությունը,  պետք է ոչնչացնես հիմնական ինստիտուտները։

Բանախոսը նաև անդրադարձ է կատարել խորհրդարանական ընդդիմությանը՝ նշելով որ տիտղոսային ընդդիմությունը դա մանդատ չէ, լոկ աշխատավարձ չէ, պրեմիա չէ, գործուղումներ չեն, այլ մեծագույն պատասխանատվություն է․ «Իրենք այսօր կիսում են պատասխանատվությունն իշխանության հետ և այդ պատասխանատվության կրելն իր մեջ պարունակում է որոշակի չեմ ասի գործողություններ, որոշակի տեսլական, և տիտղոսային ընդդիմությունը եթե դա չընկալեց մինչև վերջ, ապա ինքը կանգնելու է ծանրագույն ճգնաժամի առաջ»։

Ամփոփելով՝ քաղաքական գործիչը կարևորեց 2 բան՝ Հայաստանի և Արցախի դեմ ռազմական կամ հիբրիդային գործողությունն անխուսափելի է, այս իշխանության վարած քաղաքականությունը գեներացնում է ավելի շատ ռիսկեր այդ տեսլականի ներքո՝ առաջ տանելով այն տխրահռչակ կոնցեպտը՝ մեր ուժը մեր թուլությունն է, երկրորդ, մենք պետք է հասկանանք, դուրներս գա՝ թե չէ, կամ կռիվ ենք տալիս, կամ մեզ տեղերում մորթում են ապագա կա գոռալով՝ ի դեպ թուրքերենով, և երրորդ՝ «պայմանավորվում ենք, որ թույլ չենք տա ոչ մեկի մեզ մանիպուլացնել»։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում