Ոստիկանությունը թմրանյութեր տարածող կլուբ ա մտել, դուք ասում եք՝ բռնությո՞ւն. Արմեն Խաչատրյան

Այսօր ոստիկանությունը մտնում է մի կլուբ, որտեղ բոլորին հայտնի է, որ թմրամիջոցներ են տարածվում՝ սինթետիկ թմրամիջոցներից սկսած մինչև ամեն ինչ, միջոցառում է իրականացվում, մեկ էլ տեսեք, ասում են՝ բռնություն. ի՞նչ բռնություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մենք բոլորս պետք է լծվենք թմրամիջոցների դեմ պայքարի գործին՝ պատգամավոր, ոստիկան, դատախազ, դատավոր: Մեր առաջին խնդիրը պետք է լինի պայքարը թմրամիջոցների դեմ:

Այս վիճակագրությամբ և այս միջոցներով, որ պայքար է տարվում, մենք հեռու չենք գնալու, մենք ուղղակի պատկերացում չունենք»,-ասաց պատգամավորը և առաջարկեց բոլոր պետական մարմիններում, որտեղ կնքվում է աշխատանքային պայմանագիր, անպայման ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ անցնի թմրաթեստ, և թեստից հրաժարվելն աշխատանքից ազատման հիմք լինի՝ սկսած ԱԺ-ից, վերջացրած բոլոր հիմնարկները և ՏԻՄ մարմինները:

Նշենք, որ ապրիլի 23-ին ոստիկանության աշխատակիցները թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում մտել են «Պոլիգրաֆ» ակումբ և գործողություն իրականացրել: Համացանցում հայտնվել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, որ իրավապահները բռնություն են գործադրել: