Հայոց ցեղասպանության հարցում Նիկոլ Փաշինյանը վարում է թուրքական ժխտողական քաղաքականություն. սա հանցագործություն է

108 տարի առաջ` 1915-ին հայ ժողովրդի հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում, Օսմանյան Թուրքիայի կառավարությունը հայ ժողովրդի դեմ իրականացրեց պետականորեն ծրագրված հանցագործություն՝ Ցեղասպանություն: Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Ցեղասպանությանը զոհ դարձավ 1,5 միլիոնից ավելի հայ, ֆիզիկական ոչնչացման հետ մեկտեղ հայ ժողովուրդը հայրենազրկվեց:

1915 թ. մայիսի 24-ի երեք պետություններ՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում հայ ժողովրդի նկատմամբ կատարվածը բնորոշվեց որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ», իսկ թուրքական կառավարություն համարվեց հանցագործության պատասխանատու: Սակայն հետագայում Արևմուտքը վարեց Հայոց ցեղասպանության փաստը մոռացության մատնելու քաղաքականություն: Արևմուտքը խնայեց ՆԱՏՕ-ական Թուրքիային` նրան հեռու պահելով հայոց պահանջատիրությունից` դատապարտում, փոխհատուցում: Սակայն Հայոց ցեղասպանության փաստը հաստատող բազմաթիվ վավերագրերի, իրավական փաստաթղթերի առկայությունը մշտապես կաշկանդել է Արևմուտքին, անհնար դարձրել կատարված ոճիրի հերքումը: Մնում էր մեկ ճանապարհ` մեջտեղ բերել Հայոց ցեղասպանության միայն ճանաչման գործընթացը ու դրանով խուսափել հանցագործ Թուրքիային քաղաքական, իրավական, նյութական պատասխանատվության ենթարկելուց: 1987-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն այդ մասին է փաստում` «Հայոց ցեղասպանության ճանաչում, բայց ոչ մի քաղաքական, իրավական, նյութական պահանջ», «Ժամանակակից Թուրքիան պատասխանատու չէ Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար»: Եվ եղեռնագործ Թուրքիան խուսափեց պատասխանատվությունից, իսկ Հայոց ցեղասպանության փաստն Արևմուտքը տասնամյակներով օգտագործեց որպես Թուրքիային զսպելու քաղաքական գործիք:

Անպատիժ մնացած Թուրքիան 108 տարի անց դարձյալ շարունակում է իր ցեղասպանական ծրագիրը: Թուրքիայի համար անհանդուրժելի է անկախ, ինքնիշխան հայկական պետության գոյությունն իր հարևանությամբ: Հայաստանի ոչնչացման ծրագիրը Թուրքիան այժմ կյանքի է կոչում իր իսկ կողմից ստեղծված արհեստածին պետության՝ Ադրբեջանի ձեռքով:

Եվ այս ամենը աշխարհի աչքի առաջ, աշխարհի լուռ ու հանդուրժող հայացքի տակ:

Ոչինչ չի փոխվել` ոչ թուրքը, ոչ աշխարհը:

Իսկ մե՞նք…

 ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՀԱՋՈՂՎՈՒՄ ԷՐ ԶՍՊԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒ ՊԱՆԹՈՒՐՔԻՍՏԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի անկախացումից հետո, ի հայտ եկավ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. սրանում առավել շահագրգիռ էր Արևմուտքը: Հայաստանի նախկին երեք նախագահները ևս կարևորեցին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը այն պարզ գիտակցմամբ, որ հարկավոր է բնականոն հարաբերություններ հաստատել և սերունդներին չթողնել չկարգավորված հարաբերությունների ծանրությունը: Հարկավոր է գնալ այդ քայլին` հանուն հայոց պետականության կայացման ու Արցախի անվտանգության: Հետևաբար, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացրած, հայությանը հայրենազրկած երկիր հետ հարաբերությունների կարգավորում ասվածը ենթադրում էր դիվանագիտական ճկունություն ու մեծագույն զգուշավորություն:

1991-ին Հայաստանի Անկախության հռչակագրով Հայաստանը սահմանեց իր կարմիր գծերը Հայոց ցեղասպանության հարցում՝ ամրագրելով. «Հայաստանը հետամուտ է լինելու Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը» (ի դեպ, այս ձևակերպմանը դեմ է արտահայտվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն նրա կարծիքը շրջանցվել է):

Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դարձան ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը: Իսկ Թուրքիայի հարցում ամրագրվեց հետևյալ քաղաքականությունը` դիվանագիտական հարաբերությունների հաստատում առանց նախապայմանների:

Թուրքիան շարունակաբար պնդում էր, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թուրք ղեկավարները փորձում էին շահագրգռել Հայաստանի ղեկավարներին՝ եթե ԼՂ հակամարտությունը լուծվի Ադրբեջանի շահերին համահունչ, ապա Հայաստանը կներգրավվի նավթային խողովակաշարերի ծրագրերում, սակայն ամեն անգամ ստանում էին համարժեք հակադարձում` հայրենիքը չի վաճառվում: «Ոչ ոք մոլորություն չպետք է ունենա, որ մենք կարող ենք զիջումների գնալ հանուն այդ տարածաշրջանային ծրագրերի: ԼՂ-ից հայկական զորքերի դուրսբերումը՝ սահմանները բացելու դիմաց, անընդունելի պայման է Հայաստանի համար»,- սա Ռոբերտ Քոչարյանի արձագանքն էր Թուրքիայի նախագահ Դեմիրելին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում գնաց ավելի համաձակ քայլերի` բարդ ու դժվարին խնդիրները արժանապատվորեն լուծելու նպատակադրմամբ: Հայաստանն ի լուր աշխարհի հայտարարեց` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորվել Արցախով ու Հայոց ցեղասպանությամբ: Սա թուրքական ախորժակն ու պանթուրքիստական նկրտումները զսպելու կարևոր քաղաքական դիրքորոշում էր:

Մեր նախորդ հոդվածներից մեկում` անդրադարձել ենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի հետ վարվող քաղաքականությանը, ինչը պատմության մեջ մնաց «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվամբ: «Ֆուտբոլային դիվանագիտության» ողջ ընթացքում նախագահ Սարգսյանը երբեք չընկրկեց թուրքական նախապայմանների առաջ` մինչև վերջ առաջ մղելով Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայության շահերը:

2009-ին հանդես գալով ուղերձով ( https://www.president.am/hy/press-release/item/2009/10/10/news-751/ ) Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը, և չի կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որը անկախ ու ինքնուրույն գործընթաց է: Հայկական կողմի այս դիրքորոշումը լիովին ընդունվեց աշխարհի կողմից: Հիշատակված ուղերձում նախագահ Սարգսյանը նաև շեշտում էր. «Եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները եւ դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր»:

2014 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը կոշտ ելույթով հանդես եկավ ու «գրողի ծոցը ուղարկեց արձանագրությունները»։

«Մեր նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական կապերը, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելը։ Մեր ցանկությունն էր, որ Թուրքիային հեռու պահենք գոնե Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց։ Եթե մի սկզբունքային որոշում ես կայացնում, ապա ինքդ քո ներսում հաշվարկում ես՝ եթե ստացվի, ինչն է լինելու օգուտը, եթե չստացվի՝ ինչ է լինելու օգուտը։ Մենք բավականին օգուտներ քաղեցինք, որովհետև միջազգային հանրությունը համոզվեց, որ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք»,-տարիներ անց հարցազրույցներից մեկում ասել է ՀՀ երրորդ նախագահը։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

2015 թվական, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելից. այն դարձավ կարևոր հանգրվան «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու պատմական արդարության համար մղվող հայության պայքարը:

Աշխարհը ուշի ուշով հետևում էր պաշտոնական Երևանի քայլերին:

2015-ին Հայաստանի իշխանության և Վատիկանում ՀՀ դեսպանատան ակտիվ ջանքերով իրականացավ մի նշանակալի իրադարձություն. Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ, որի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Սուրբ Պետրոսի տաճարի խորանից իրենց խոսքն հնչեցրին Հայոց երկու կաթողիկոսները: Անմոռանալի են Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերը. նա Հայոց ցեղասպանությունը բնորոշեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հայտարարելով. «Այս տարի նաև առաջին հարյուրամյակն է այն սարսափելի չարիքի, որին զոհ գնաց հայ ժողովուրդը և այս ողբերգության մեջ ևս Գրիգոր Նարեկացին հանդես եկավ, որպես հույսի եւ խաղաղության կերտող»:

Սրան հաջորդեց Հայոց հոգևոր կենտրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված մի աննախադեպ հոգևոր արարողություն. Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից սրբադասվեցին Ցեղասապանության նահատակները: Եկեղեցին հռչակեց նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկել են հանուն հավատքի և հայրենիքի:

Հայաստանը աշխարհում ստանձնեց կարևոր դերակատարություն` պայքարե՛լ մարդկության չարիքի` ցեղասպանությունների դեմ, պայքարե՛լ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև աշխարհում տարբեր վայրերում ու տարբեր ժամանակներում տեղի ունեցած ցեղասպանությունների դեմ, պայքարե՛լ ժխտողական քաղաքականության դեմ: Հայաստանի Հանրապետությունը դարձավ աշխարհում ցեղասպանությունների դատապարտման առաջամարտիկ պետություն:

Հայաստանն հանդես եկավ Համահայկական հռչակագրով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Հայաստանի ու Արցախի երկու նախագահները` Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, սփյուռքյան տարբեր կառույցների ղեկավարներ միասնականության ուղերձ հղեցին. այն ուղղված էր և մեզ, և աշխարհին: Հռչակագիրը հայության հավաքական կարծիքն է, հայության հարյուրամյա դեգերումների, քաղաքական ձեռքբերումների ամփոփ փաստաթուղթը, ապագայի ուղենիշը: Այն նաև պատվիրան է ուղղված հայ սերունդներին, թե ինչպես պետք է զարգանա Հայոց ցեղասպանության հետագա ընթացքը՝ ճանաչումից մինչև դատապարտում ու հատուցում: Համահայկական հռչակագիրը պատգամ է ուղղված եկող բոլոր հայկական իշխանություններին:

Սակայն 2018-ից իրականությունն ամբողջությամբ փոխվեց. իշխանության եկածները տակնուվրա արեցին ամեն ինչ…

 ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԸ ԲԵՌ Է, ԻՆՉՊԵՍ ԲԵՌ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ԲԵՌ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նիկոլ Փաշինյանը անկախ Հայաստանի պատմության մեջ այն միակ ղեկավարն է, ով ԵԽԽՎ բարձր ամբիոնից այդպես էլ չխոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին: Առ այսօր ՀՀ իշխանությունը չի հայտարարել, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: ՀՀ ներկայիս իշխանությունը ոչնչացնում է Հայկական հարցը, սրանք աշխատում են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ, անում այն, ինչ տասնամյակներով արել ու չի հաջողել Թուրքիան:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու քպ-ականները սկսեցին խոսել այն մասին, թե պետք է վերանայվեն Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ, որ հայկական դիվանագիտության մեջ պետք է կառուցողական շտկումներ արվեն, Թուրքիան ու Ադրբեջանն այլևս թշնամի պետություններ չեն, և որ մենք պետք է երկու երկրները հաստատեն խաղաղ հարաբերություններ: Փաշինյանը շարունակում է վստահեցնել հայ ժողովրդին, թե հնարավոր է թշնամանքը, ատելությունը դարձնել կառավարելի, «խաղաղության դարաշրջան» բացել ցեղասպան քաղաքականություն իրականացրած և այն շարունակող Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Նիկոլի ծրագիրն է՝ ներել արտաքին թշնամիներին և պատժել ներքին «թշնամիներին», իսկ այդպիսիք նա համարում է իր ազգակործան ծրագրերի ընդդիմախոսներին։

Հայաստանի արտաքին քաղաքական առանցքային դիրքորոշումների վերաբերյալ Փաշինյանի աննախադեպ ու տարակուսանք առաջացնող հայտարարությունները հաջորդում են մեկմեկու: Ինչպես Արցախի, այնպես էլ Հայոց ցեղասպանության հարցում նա խեղաթյուրում է փաստերը, գլխիվայր ներկայացնում նախկինների կողմից իրականացված բանակցային գործընթացը: Հիշեցնեմ մեկ օրինակ. 2022-ի ասուլիսներից մեկում Փաշինյանը հայտարարեց, թե. «Հայաստան երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել։ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի և տարածքային հավակնություններ չունի։ Այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականություն չի եղել: Լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները»: Ո՞րն է այստեղ կեղծիքը, մանիպուլյացիան: Նախկին նախագահների օրոք, այո, Հայաստանը երբեք Թուրքիային տարածքային կամ հողային պահանջ չի ներկայացրել, բայց դա չի նշանակել, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է բոլշևիկյան Ռուսաստանի ու քեմալական Թուրքիայի միջև 1921-ին ստորագրված Կարսի պայմանագիրը: Ավելին, Հայաստանը մշտապես անօրինական, ոչ լեգիտիմ է համարել Կարսի պայմանագիրը: Երկրորդ, Փաշինյանը ստում է հայտարարելով, թե Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում առաջամարտիկը եղել է Սփյուռքը: Սա բացարձակ կեղծիք է, քանի որ առանց Հայաստանի պետական քաղաքականության անհնար կլիներ կազմակերպել ու արդյունավետ օգտագործել սփյուռքյան ներուժը: Հայաստանի իշխանությունները, Հայ դատի, Սփյուռքի տարբեր կառույցներ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում գործել են համատեղ:

Իսկ այսօր իրավիճակը բոլորովին այլ է. Հայաստանի քպ-ական իշխանությունը ձեռքերը լվացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից: Ի դեպ, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի գործը չէ, այլ Սփյուռքի, բնականաբար, ստեղծում է անհասկանալի իրավիճակ նաև աշխարհի այն երկրների համար, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Սա նվաստացուցիչ է հայ ժողովրդի համար: Փաշինյանը տակնուվար է արել հայկական արտաքին քաղաքականությունը: Այն, որ Ուրուգվայում Թուրքիայի դեսպանության առաջ ցույց անող հայերի վրա ծիծաղում է Թուրքիայի ԱԳ նախարարը և սպառնում՝ ցույց տալով «գորշ գայլերի» նշանը, սա ուղիղ հետևանքն է Փաշինյանի կողմից վարվող հակահայ քաղաքականության:

Եթե նախկին իշխանությունների համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակը Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր, ապա Փաշինյանի ու իր թիմի համար առաջնայինը՝ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի անվտանգության, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտուր անելը: Բարեկամության քարոզի հետ մեկտեղ ժողովրդին ոգևորում են, թե ճանապարհները կբացվեն ու տնտեսական թռիչքային աճ ենք ունենալու, «հարևանների հետ լոլիկի, վարունգի, պանրի առևտուր կանենք» ու կապրենք երջանիկ, անհոգ: Ի՞նչ է սա, եթե ոչ անհայրենիք մարդկանց ստամոքսային քաղաքականություն. այլ կերպ չես կարող բնորոշել:

Օրերս Ազգային ժողովում Փաշինյանը խոսում էր «հայրենասիրության մոդելը» փոխելու անհրաժեշտության մասին: Նա նաև կոչ արեց փոխել պատմության ընկալման դիտանկյունը: Բերեց Արագած լեռան օրինակը, թե տանը չենք կախում Արագածի նկարները, բայց կախված են Արարատինը: Ասում է`ավելի քիչ բանաստեղծություններ են գրվել Արագածի մասին, քան Արարատ լեռան: Ամենևին պատահականություն չէր հայկական երկու սարերը՝ Արարատն ու Արագածն իրար հակադրելը, ինչպես պատահականություն չէր այդ մասին Հայոց ցեղասպանության 108 տարելիցի նախաշեմին հայտարարելը: Սրանք պատրաստվում են Հայաստանի զինանշանից պոկել-հանել Հայոց Մասիսները՝ իրականացնելով Թուրքիայի վաղեմի նպատակներից մեկը: «Փաշինյանը առաջ է մղում Հայոց Ցեղասպանության հարցում հայ ժողովրդի ընկալումների փոխման անհրաժեշտությունը։ Սա Հայոց ցեղասպանության ժխտման փորձ է Հայաստանի վարչապետ հանդիսացող անձի կողմից, ինչը քրեորեն հետապնդելի արարք է»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը:

Հայ ժողովուրդը կանգնած է գոյութենական վտանգի առաջ: Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ Հայաստանի քպ-ական ռեժիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, գնում է Թուրքիայի բոլոր նախապայմանների կատարման ճանապարհով, իսկ դա նշանակում է՝ հրաժարում Հայ դատից՝ Ցեղասպանության միջազգային օրակարգից, հրաժարում հայկական պահանջատիրությունից, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, ինչը նշանակում է ճանաչել Կարսի պայմանագիրը: Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը դիտելով Ադրբեջանի անքակտելի մաս: Փաշինյանը նաև իր համաձայնությունն է տվել թուրքական մյուս՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման նախապայմանին:

Այսօր չկա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, ինչպես չկա Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթաց, այսօր կա Հայաստանի վիլայեթացում ու Արցախի հանձնում Ադրբեջանին: Նիկոլի ու իր քպ-ական ազգակործանների համար ինչպես Արցախն է բեռ, այնպես բեռ է Հայոց ցեղասպանության իրողությունը, բեռ է հայկական պետականությունը: Ինչպես խոստովանեց ազգակործանը՝ «Էս խաղը պրծած խաղ է»:

Հայկական պետականության կորուստը կանխելու մեկ ճանապարհ կա՝ դա հայ ժողովրդի անվտանգության սպառնալիք համարվող Նիկոլ Փաշինյանի հեռացումն է:

Հ.Գ. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես-հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…». Հրանտ Մաթևոսյան:

Արմինե Սիմոնյան