Շվեդիայի արտգործնախարարը ցանկացել է չեղարկել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները՝ Էրդողանին հաճոյանալու համար

ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունների փակուղի մտնելու համատեքստում և ակնհայտորեն ձգտելով չվրդովեցնել Թուրքիային՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը՝ Թոբիաս Բիլսթրյոմի գլխավորությամբ, ճնշում է գործադրել Ռիկսդագում (խորհրդարան- խմբ.) շվեդ-հայկական բարեկամության խմբի վրա՝ մասնավոր կարգով դիմելով բարձրաստիճան կառավարական պաշտոնյաներին՝ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա հիշատակումը չեղարկելու խնդրանքով, գրել է Europeanconservative-ը։

Շվեդիայի դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Բյոռն Սյոդերը, որը շվեդ-հայկական բարեկամության խմբի նախագահն է, նշել է, որ արտաքին գործերի նախարարությունը խնդրել է կոալիցիոն կառավարության յուրաքանչյուր կուսակցության (չափավոր, դեմոկրատներ և քրիստոնեա-դեմոկրատներ) խմբերի ղեկավարներին դիտարկել հիշատակի արարողությունները չեղարկելու մասին, քանի որ այն պոտենցիալ առումով կարող է վնասել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարներին, տեղեկացրել է Samnytt-ը։

«Մեր կուսակցություններում խնդրել են Ռիկսդագում այս տարի միջոցառումներ չիրականացնել»,- ասել է Սյոդերը Ստոկհոլմի Svenska Dagbladet (SvD) թերթին։

«Սա այն է, ինչին մենք ամեն տարի ուշադրություն ենք դարձնում։ Ես կարծում եմ, որ դա՝ հիշատակի արարողությունը չանցկացնելը, մի փոքր նման է ցեղասպանությունը վերապրածների երեսին թքելուն»,- ավելացրել է Սյոդերը։

Ձախ կուսակցության պատգամավոր Հոքան Սվենելինգը ևս հանդես է եկել արտաքին գործերի նախարարության գործողությունների խիստ քննադատությամբ։ «Կարևոր է մասշտաբային ցեղասպանության հիշատակումը։ Չի կարելի թույլ տալ Էրդողանին որոշել, թե ինչ պետք է տեղի ունենա շվեդական Ռիկսդագում»,- ասել է Սվենելինգը։

«Այդ ցեղասպանությունը, ինչպես և մյուսները, ամեն տարի ճանաչվում են Ռիկսդագում»,- շարունակել է նա։

Այս հարցի առնչությամբ արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլսթրյոմը SvD-ին ասել է. «Կասկած չկա, որ հայ էթնոսի և այլ փոքրամասնությունների դեմ քայքայվող Օսմանյան կայսրությունում կատարվել են ահավոր չարաշահումներ։ Բայց միայն մի քանի երկրների կառավարություններ են հրապարակայնորեն հայտարարել իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և Շվեդիան դրանց թվի մեջ չի մտնում»։

Արժե նշել, որ 2010 թ. շվեդ պատգամավորների մեծ մասը Ռիկսդագում քվեարկել է 1915 թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին։ Սակայն, չնայած քվեարկությանը, ոչ չափավոր, ոչ սոցիալ-դեմոկրատական կառավարությունները չեն հաստատել Ռիկսդագի որոշումը։

Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ Հայաստանի դեսպանի ելույթով։ Ներկա պահին շվեդ-հայկական բարեկամության խումբը դեռ վերջնական որոշում չի կայացրել միջոցառումը չեղարկելու վերաբերյալ։