Ծանրամարտի առաջնության կազմակերպման համար հատկացված 1,16 մլրդ դրամը չի հերիքել. գործադիրը ևս 33 մլն դրամ հատկացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում վերաբաշխում կատարեց 2023 թվականի բյուջեի նախագծում և կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն 716 հազար դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ ձևով կազմակերպման և անցկացման համար:

Երևանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի հաղթող է ճանաչվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ 1,16 մլրդ դրամ գնային առաջարկով: Այդ ՍՊԸ-ի հետ 1,16 մլրդ դրամ ընդհանուր գումարով կնքվել է պայմանագիր:

Սակայն առաջնության կազմակերպման գործընթացի շրջանակում առաջացել է նոր ծառայությունների անհրաժեշտություն, մասնավորապես «Կիլիկիա» մարզադահլիճի մասնակի բրենդավորում (մարզումային դահլիճի ֆասադի ճակատային մասի, մուտքի դռների և ներսի բրենդավորում), բրենդային այլ պարագաների պատրաստում, այդ թվում՝ բրենդային պայուսակների պատրաստում (750 հատ), բրենդային ջրաման (750 հատ), բրենդային նոթատետր (750 հատ), բրենդային գրիչ (750 հատ), կրծքանշան (58 մմ 375 հատ, 44 մմ 375 հատ, 30 մմ 40 հատ):

Վերը նշված ծառայությունների համար կպահանջվի ևս 33 մլն 716 հազար դրամ գումար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն գործող պայմանագրում և ավելացնել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի գինը:

Նշենք, որ հենց «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրենն է բարձրացնելով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության հարցը: