Բողոքի դուրս եկած Ֆիրդուսի թաղամասի բնակիչները մտել են կառավարության շենք

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։

Անցած շաբաթ` ապրիլի 14-ին բնակիչներին ՀՀ կառավարությունից խոստացել էին մինչև ապրիլի 18-ը պատասխան տալ սեփականատերերի նամակին, որն ուղարկվել է գրեթե 1 ամիս առաջ, սակայն պատասխան չեն ստացել:

Այսօր նրանք պահանջում են իրենց նամակի պատասխանը և բարձրաձայնումւ են սեփականատերերի իրավունքների ոտնահարման մասին:

Քաղաքացիները պնդում են, որ անտեսելով իրենց իրավունքները, Հայաստանի իշխանությունները փորձում են անհամարժեք փոխհատուցմամբ խլել այդ թաղամասում դեռ սեփականություն ունեցող բնակիչների գույքը:

Նշենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող բնակիչներն ընդունեցին գործադիրի ներկայացուցիչ Դոլուխանյանի առաջարկն ու 8 հոգանոց խմբով շենք մտան։

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ: