Ուկրաինայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Վրաստանը ու Ուկրաինան ՆԱՏՕ չեն մտել Մերկելի պատճառով

ԱՄՆ-ը  և եվրոպական երկրները պատրաստ էին աշխատել Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու վրա դեռևս 2008 թվականին, սակայն Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը դաշնակիցներին համոզեց դա չանել, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը La Razon-ին տված հարցազրույցում։
«Դա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր, որը հակառակվեց և համոզեց մյուսներին»,- ասել է Ռեզնիկովը:
Խոսքը Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին է, որտեղ, ըստ Ռեզնիկովի, դիտարկվել է դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության իրական հնարավորությունը։ Նախարարի խոսքով, դեռ այն ժամանակ Արևմուտքում կիրառվում էր «Ռուսաստանին չհրահրելու» դոկտրինը։
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին։ Դաշինքին Կիևի շուտափույթ անդամակցությանը կողմ են բալթյան երկրներն ու Լեհաստանը։ Գերմանիան դեմ է արտահայտվել, իսկ ԱՄՆ-ն ասել է, որ այդ հարցը պետք է քննարկվի այլ ժամանակ։
Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է իրականացնում 2022 թվականի փետրվարից։ Նախքան դրա սկսվելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշինքին Կիևի միանալու հարցը «կանխորոշված» էր որակել: 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվան Արևմուտքից երաշխիքներ էր պահանջել, որ Ուկրաինան և նախկին ԽՍՀՄ մյուս երկրները չեն մտնի ռազմական դաշինք։ ԱՄՆ-ը հրաժարվել էր դրանից։
Արդեն Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից հետո նախկին կանցլերի ներկայացուցիչը հայտնել է, որ Մերկելը 2008 թվականին ճիշտ որոշում է համարել չաջակցելը Ուկրաինայի արագացված մուտքին ՆԱՏՕ։