«Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի

«Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն կտուգանվի 1,5-2 մլն դրամով` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։

Նա նշեց, որ Նար-Դոս 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ՓԲԸ-ն Երևան համայնքի կողմից 2022թ. սեպտեմբերի 9-ին թույլտվություն է ստացել 24 պահեստարանների քանդման համար։ Թույլտվության ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին։

«Ժամկետը լրանալուց հետո քանդման աշխատանքներրը շարունակվել են, որի արդյունքում տեղի է ունեցել փլուզում»,– ասաց նա։

Ժամկետները խախտելու համար հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմվել է արձանագրություն։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։