Իրանն ունի տարբեր սցենարներ Հայաստանի դեմ ագրեսիան չեզոքացնելու համար, մնում է, որ Հայաստանը դա ցանկանա

ՀայաստանԻրան հարաբերությունների, տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ LIVEnews.amզրուցել է իրանցի փորձագետ Փույա Հոսեինիի հետ:

  Օրեր առաջ` ապրիլի 10-ին, հայկական Տեղ գյուղի տարածքում դիմելով ագրեսիայի, ադրբեջանական կողմը միաժամանակ հակաիրանական քարոզչություն էր տարածում, թե իբր հայկական բանակը ադրբեջանցի զինվորների դեմ օգտագործել է իրանական ԱԹՍ-ներ, որ ադրբեջանցիների դեմ ոչ միայն հայ, այլև իրանցի զինվորականեր են կռվել: Ու նաև, իբրև Իրանն աջակցում է Հայաստանին ու ահաբեկիչներ է բերում տարածաշրջան: Ի՞նչ կասեք այս հայտարարությունների առնչությամբ: Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը նման կեղծիք շրջանառում:

Ադրբեջանը նման գործողություններով մի քանի նպատակ է հետապնդում։ Նախ, այդ երկիրը հակաիրանական արշավ է սկսել, ու ապրիլի 10-ին կատարվածին Իրանին մասնակից դարձնելը հստակ նպատակ ունի: Ադրբեջանի ամբողջ հասարակությունը հակաիրանական չէ, շատերը չեն ցանկանում, որ Ադրբեջանը Իրանի հետ գնա առճակատման: Եվ որպեսզի մարդկանց տրամադրությունները փոխվեն, Ադրբեջանի իշխանությունն իր հասարակության մեջ ատելություն է սերմանում Իրանի հանդեպ, ներարկելով այն միտքը, թե տեսեք՝ Իրանը համագործակցում է Ադրբեջանի համար թշնամական երկրի` Հայաստանի հետ: Ադրբեջանը այս կերպ նպատակ ունի արդարացնել իր հետագա հակաիրանական գործողությունները: Սակայն Ադրբեջանի իշխանությունները նաև լավ են գիտակցում, որ դա կործանարար է լինելու իրենց համար։

Երկրորդ, Ադրբեջանն ուզում է ստանալ այն երկրների աջակցությունը, որոնք ունեն հակաիրանական դիրքորոշում, ուզում է Արևմուտքին ցույց տալ, թե, տեսեք, Հայաստանն ու Իրանը նույն ճակատում են գործում ու միասին աշխատում են Ադրբեջանի դեմ: Այսկերպ միջազգային կառույցներից, Արևմուտքից ակնկալում է ստանալ աջակցություն։

Երրորդ, Իրանի դեմ Ադրբեջանին պատերազմի են մղում վերջինիս հետևում կանգնած հակաիրանական ուժերը, երկրները` Իսրայելը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան: Նրանք Ադրբեջանին մղում են հարձակման Սյունիքի վրա, որպեսզի Իրանը միջամտի, ու դա վերաճի լայնամասշտաբ պատերազմի: Այսինքն, ամեն ինչ արվում է Իրանին պատերազմի մեջ ներքաշելու համար:

Ադրբեջանի գործողությունները ծրագրաված են, նրանք բարձունք առ բարձունք գրավում են ՀՀ տարածքները։ Եթե ուշադրություն դարձնեք` կհամոզվեք, որ ադրբեջանցիները գրավում են ռազմավարական նշանակության տարածքները։ Նպատակն այն է, որ վերահսկեն ՀՀ միջպետական նշանակության ճանապարհները, կարողանան լավ դիրքեր զբաղեցնել: Պատրաստվում են լայնածավալ պատերազմի:

Վերադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, թե իբր ապրիլի 10-ին հայկական կողմի հետ ադրբեջանցիների դեմ կռվել են իրանցի զինվորականներ, կամ հայկական կողմը օգտագործել է իրանական ԱԹՍ-ներ, նման կեղծիք տարածելով Ադրբեջանը նպատակ ունի ձախողել հայ-իրանական ռազմական համագործակցությունը: Ադրբեջանը նախահարձակ է լինում` ցույց տալով, որ եթե լինի նման ռազմավարական համագործակցություն, ապա իրենք շատ կոշտ կպատասխանեն։ Ժողովրդի խոսքով ասած` ուզում են աչքը վախեցնել։ Սա փաստում է այն մասին, թե Ադրբեջանը որքա՜ն է վախենում ՀՀ-Իրան ռազմական համագործակցությունից։ Եվ դրան է միտված ադրբեջանական կողմից տարածվող կեղծ քարոզչությունը:

– 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, հատկապես, երբ Ադրբեջանը սկսեց խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, Իրանը հայտարարեց` ՀՀ անվտանգությունը սեփական անվտանգությունն է: Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները, պետությունների ճանաչված սահմանների փոփոխություններն իր համար կարմիր գծեր են, որոնք պահպանելու համար պատրաստ է գնալ կոնկրետ գործողությունների: Հայ իրանագետները համոզված են, եթե​​ Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ, Իրանը բացահայտ աջակցություն կցուցաբերի Հայաստանին: Ի՞նչ աջակցության մասին է խոսքը, նման սցենարի դեպքում Հայաստանն Իրանից կարո՞ղ է ակնկալել ռազմական լուրջ աջակցություն:

-Այո, Իրանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ անվտանգությունը Իրանի անվտանգությունն է և տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն, սահմանների փոփոխություն թույլ չի տա, դա Իրանի կարմիր գիծն է։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո մենք այս մասին մշտապես լսում ենք Իրանի ռազամաքաղաքական ղեկավարությունից։ Նույնիսկ Իրանի հոգևոր առաջնորդն իր տարբեր ելույթներում հստակ ընդգծում է այդ հանգամանքը` Իրանը երբեք թույլ չի տա, որ վերանա Հայաստան-Իրան հազարամյակների սահմանը, թույլ չի տա որևէ դավադիր ծրագրերի իրականացում: Իրանը դիմադրելու է։

Երբ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները Իրանում էին, նրանց հետ կայացած առանձին հանդիպումներում Իրանի հոգևոր առաջնորդը երկու երկրների ղեկավարներին հստակ ասել է՝ Իրանը տարածաշրջանում թույլ չի տալու որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն և դիմադրելու է սահմանների փոփոխությանը։ Երբ Ադրբեջանը զորավարժություններ է իրականացնում, մենք տեսնում ենք, որ Հայաստան-Իրան, Իրան-Ադրբեջան սահմաններին Իրանը շատ արագ մոբիլիզացնում է իր ռազմական ուժերը, հասցնում 100 տոկոս պատրասվածության, դրանով ցույց տալով, որ իր խոսքն ընդամենը հայտարարություն չէ, այլ պատրաստ է միջամտել, եթե Ադրեբեջանի կողմից Սյունիքի դեմ լինի լայնամասշտաբ պատերազմ: Իսկ Ադրբեջանի գլխավոր նպատակը Սյունիքը Հայաստանից կտրելն է ու «Զանգեզուրի միջանցք» կոչվող ծրագրի իրականացումը: Սա պանթուրքիստական ծրագիր է, այս ծրագրի հետևում կանգնած են Թուրքիան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, որոնց նպատակն է խնդիրներ ստեղծել Անդրկովկասում, իջեցնել Իրանի դերակատարությունը, թուլացնել Իրանին ու Հայաստանին, և առաջ մղել սեփական ծրագրերը:

Իրանն ունի տարբեր սցենարներ Հայաստանի դեմ հնարավոր հարձակումները չեզոքացնելու համար։ Դա կարող է լինել և ուղղակի, և անուղղակի մասնակցություն: Իրանը կարող է նպաստել ՀՀ ԶՈՒ պատրաստության բարձրացմանը, զարգացմանը, կարող է տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն, կարող է նաև զենք-զինամթերք տրամադրել: Այսինքն, Իրանը կարող է ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու համար և չեզոքացնելու Հայաստանին ուղղված մարտահրավերները: Ի վերջո, եթե սրվի իրավիճակը, Իրանը կարող է նաև ուղիղ ռազմական միջամտություն ունենալ:

-Հայ իրանագետները, օրինակ, նշում են, որ եթե Ադրբեջանը փորձի կտրել Սյունիքը, Իրանը կարող է մտնել Արցախի տարածք կամ Նախիջևան. դա հնարավո՞ր է:

-Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը վերջերս հայտարարեց, որ Արցախի պատերազմի ժամանակ Ադրբեջանը ահաբեկիչներ է բերել տարածաշրջան, և մենք դեռ չգիտենք, այդ ահաբեկիչները այնտե՞ղ են մնացել, թե ոչ, ասաց` մենք կարծում ենք, որ նրանք դեռ այդ տարածքներում են տեղակայված։ Նման հայտարարությունը նշանակում է, որ Իրանը նպատակ ունի հիմքեր ստեղծել միջազգային օրենքներով Արցախի տարածքում հաստատված ահաբեկիչների դեմ պայքարելու համար, և նույն միջազգային օրենքների վրա հենվելով՝ մուտք գործել Արցախի տարածք: Իրանն ունի իրավունք ստեղծելու իր անվտանգության գոտին։ Հիշեցնեմ, որ նույնն արեց Թուրքիան Սիրայում: Իրանը ևս կարող է հայտարարել, որ իր սահմանների պահպանության, իր անվտանգության համար ծավալում է ահաբեկչության դեմ պայքար: Այսինքն, Իրանը միջազգային իրավունքի առումով հիմքեր է ստեղծում Արցախի տարածք մտնելու ու ահաբեկիչներից ազատագրելու համար:

Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա այն պահին, երբ Ադրբեջանը համարձակվի հարձակում գործել Սյունիքի վրա, Իրանը կարող է Ադրբեջանի համար լուրջ խնդիրներ ստեղծել Նախիջևանում։ Քանի որ Նախիջևանը Իրանի հետ ունի ամենալայն սահմանը և Իրանը հեշտությամբ կարող է լուծել Նախիջևանի խնդիրը։ Սա ադրբեջանական ագրեսիան կանխելու միջոց է։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան շատ զգայուն են Նախիջևանի հարցում։

ՀԱՅԱՍՏԱՆ ԻՐԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

Հնարավո՞ր է, որ կնքվի Հայաստան-Իրանի երկկողմ ռազմական պայմանագիր:

– Իրան-Հայաստան ռազմական պայմանագրի ստորագրումը, ներկայիս լարված իրավիճակում` ուժերի դիրքավորման առումով, անհրաժեշտություն է մեզ համար, սա շատ կարևոր հարց է։ Իրանի ու ՀՀ անվտանգությունը փոխկապակցված է մեկմեկու հետ. ՀՀ անվտանգության խաթարումը նշանակում է Իրանի անվտանգության խաթարում և հակառակը։ Տեսնում ենք, թե ինչպես է դիրքավորվում հակառակորդը Հայաստանի և Իրանի դեմ, հետևաբար, մեր երկու երկրների համար նման պայմանագիր ունենալը դառնում է անհրաժեշտություն: Մենք պետք է հասնենք երկկողմ պայմանագրի ստորագրման, ինչը թույլ կտա Իրանին ավելի արագ վերականգնել տարածաշրջանում կորսված ուժային բալանսը։ Մենք գիտակցում ենք, որ ՀՀ-ն միայնակ չի կարող վերականգնել իր ուժային խախտված բալանսը։ Իսկ տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատվել, եթե Հայաստանը ուժեղանա ռազմականապես, եթե հայկական բանակը կարողանա պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Ցավոք, կան կողմեր, որոնք խանգարում են ՀՀ-Իրան ռազմական պայմանագրի ստորագրմանը։ Կան երկրներ, որոնք ճնշում են գործադրում Հայաստանի վրա` Իրանի հետ նման պայմանագիր ունենալու հարցում, և սպառնում, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները կտարածվեն նաև ՀՀ վրա: Բայց դա մեր անվտանգության ու գոյության հարցն է, մենք չպետք է առաջնային համարենք օտար երկրների շահերը, առաջնայինը մեր երկու երկրների շահերն են։ Այնպես որ, եթե կարողանանք ձերբազատվել երրորդ երկրների ճնշումներից, ապա կկարողանանք միասնաբար պահպանել տարածաշրջանի անվտանգությունը։ Իրանը նման գործողություններ արել է Սիրիայում: Երբ ուզում էին Սիրիան մասնատել` Իրանը կենտրոնացրեց իր ուժերը և կարողացավ պաշտպանել Սիրիայի անվտանգությունը: Նույնը արել է Եմենի հարցում: Այն բոլոր ուղղություններում, որտեղ Իրանը առաջարկել է իր աջակցությունը և տվյալ երկիրը դա ընդունել է՝ կամք դրսևորելով, Իրանը ի վիճակի է եղել իր առաջ դրած խնդիրը լուծել ու պահպանել տվյալ երկրի անվտանգությունը։ Նույնը պետք է լինի նաև Հայաստանի պարագայում: Հայաստանը ևս պետք է կարողանա այդ կամքը դրսևորել և այդ դեպքում Իրանն ի վիճակի կլինի բոլոր ուժերի դեմ պայքարել: Իրանը կարող է նոր անվտանգային ճարտարապետություն ձևավորել Հայաստանի հետ, մնում է, որ Հայաստանը դա ցանկանա:

ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ ԲԽՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ

 -Այսօր Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կառուցած օդանավակայանները գտնվում են Իսրայելի ձեռքում, իսրայելական հատուկ ստորաբաժանումներ են այնտեղ աշխատում: Սա այն տարածքն է, որը կարող է որպես պլացդարմ ծառայել Իսրայելի համար՝ հարվածելու Իրանին։ Մինչդեռ երբ այդ տարածքները Արցախինն էին ու գտնվում էին հայկական կողմի վերահսկողության տակ, նման բան երբեք չէր կարող լինել: Արդյո՞ք Արցախի` ադրբեջանական վերհսկողությունից դուրս, հայկական լինելը չի բխում Իրանի շահերից:

-Արցախի հարցում, չնայած հնչող պաշտոնական հայտարարություններին, իրողությունն այն է, որ Արցախի հայկական լինելը, այո, բխում է հենց Իրանի շահերից: Մենք 30 տարի ունեցել ենք Իրան-Արցախ խաղաղ սահման, ոչ մի խնդիր չենք ունեցել անվտանգային առումով։ Իսկ պատերազմից հետո, երբ Արցախի տարածքներն անցան Ադրբեջանին` խաթարվեց Իրանի անվտանգությունը, առաջացել են մեծաքանակ խնդիրներ։ Իսրայելն է ակտիվացել և Արցախի օկուպացված տարածքներից հետախուզական գործողություններ է իրականացնում։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ահաբեկիչների ներկայությունն է Իրանի համար մեծագույն վտանգը: Հետևաբար, Իրանի համար շատ շահեկան է Արցախի հայկական լինելը։ Ուղղակի, Իրանը չի կարող այս մասին բարձրաձայնել: Եթե շատ հստակ հայտարարություններ է անում ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության, անվտանգության, ապա Արցախի հարցում Իրանը կաշկանդված է, չի կարող նման հայտարարություններ անել։ Բայց բնականաբար, Արցախի հայկական լինելը Իրանի համար շահավետ է։

Մի կարևոր հարցի եմ ուզում նաև անդրադառնալ: Արցախի հարցում մենք նաև տեղեկատվական խնդիր ունենք։ Տարիներով Ադրբեջանը Իրանում ծավալել է տեղեկատվական, քարոզչական մեծ գործունեություն ազերախոս բնակչության շրջանում։ Եվ իրականությունն ամբողջությամբ գլխիվայր է ներկայացրել, թե իբր Արցախը ադրբեջանական է, թե իբր Հայաստանն է օկուպացրել Արցախը։ Սակայն հիմա իրավիճակը սկսում է փոխվել: Իրանի պետական հեռուստատեսությունը եթերներ է տրամադրում հայ իրանագետներին, ու վերջերս աննախադեպ հաղորդում հեռարձակվեց, ներկայացվեց Արցախի պատմությունը, ամբողջ իրականությունը։ Իրանցիներս անտեղյակ ենք Արցախյան պատմությունից, չգիտենք, թե ի՞նչ է եղել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ինչպե՞ս է տեղի ունեցել Արցախի անկախացման գործընթացը։ Մինչդեռ Ադրբեջանը տասնամյակներով հակաարցախյան քարոզչություն է իրականացրել Իրանում։ Ինչպես ասացի, վերջին շրջանում նկատվում է փոփոխություն` և՛ իրանցի փորձագետներն են տեղեկացնում իրականությունը մեր հասարակությանը, և՛ հայ իրանագետները:

-Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներով փորձել են կրոնական երանգ հաղորդել այն ամենին, ինչ կատարվում և կատարվել է մեր տարածաշրջանում: Ուզում են հակադրել քրիստոնյա ու իսլամական աշխարհները: Հաջողվո՞ւմ է դա Ադրբեջանին: Իրանի ժողովուրդը ինչպե՞ս է վերաբերվում այս հարցին, արդյո՞ք ադրբեջանական կեղծիքի խայծը կուլ է տվել։

-Ադրբեջանը կրոնական հարցը մշտապես օգտագործել է Հայաստանի դեմ. արաբական պետություններում, առհասարակ, մուսուլմանական աշխարհում միշտ քարոզել է, թե դա ոչ միայն տարածքային, այլ կրոնական պատերազմ է Հայաստանի դեմ։ Կար ժամանակ, որ Իրանում դա աշխատում էր, բայց վերջերս զլմ-ները տարածում են հստակ տեղեկատվություն ու Իրանի ժողովուրդը գիտակցում է, որ Ադրբեջանը կեղծ տեղեկատվություն է տարածել տարիներով, որ արցախյան խնդիրը ոչ մի կապ չունի կրոնական պատերազմի հետ:

Բոլորը գիտեն, որ Ադրբեջանը լինելով շիական պետություն, ձերբակալում է շիական առաջնորդներին, թույլ չի տալիս շիական համայնքին իրականացնել իր կրոնական ծեսերը։ Չնայած շիական համայնքն Ադրբեջանում շատ մեծ է, սակայն նրանց իրավունքները ոտնահարվում են: Ադրբեջանը վախենում է, լավ գիտի, եթե համայնքն ուժեղանա, ապա կմեծանա նաև նրա ազդեցություն ժողովրդի վրա: Դրա համար էլ պայքարում է շիական համայնքի դեմ։ Փոխարենը Ադրբեջանում ուժեղացել է թուրքական համայնքի դերը, սա միտված է Իրանի ազդեցության թուլացմանը: Իրանցիները տեսում են նաև, թե ինչպես է Ադրբեջանը ակտիվ համագործակցում Իրանի թշնամու` Իսրայելի հետ, որը աղետ է բերում մուսուլման պաղեստինցիներին։ Այնպես որ, այս ամենը տեսնելով, իրանցիներն այլևս լուրջ չեն ընդունում Ադրբեջանի կողմից տարածվող կրոնական տարրի մասին լուրերը, հասկանում են, որ Արցախի ու ՀՀ դեմ պատերազմը կրոնական բնույթ չունի, որ այն կրոնական պատերազմ չէ: Իրանում հասկանում են, որ դա ադրբեջանական ապատեղեկատվություն է, խաբեություն։ Իրանի հասարակության մեծ մասը այսօր արդեն սկսել է գիտակցել, որ այն, ինչ կատարվում է, դա դավադիր ծրագիր է և՛ Իրանի, և՛ Հայաստանի դեմ։

-Ինչպիսի՞ն է Իրանի իշխանությունների վերաբերմունքը ՀՀ իշխանության նկատմամբ: Ձեզ համար ընկալելի է՞, թե ինչ քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորաբար, մերժեց ՀԱՊԿ-ի օգնությունը, փոխարենը Հայաստան բերեց ԵՄ դիտորդներին, որոնց մուտքը մերժելի է թե՛ ՌԴ-ի, թե՛ Իրանի համար: Ի դեպ, վերջերս էլ սկանդալային բացահայտում եղավ, պարզվեց որ ԵՄ դիտորդները սահմանից ստացած տեղեկատվությունը` հայկական, ռուսական զորքերի շարժի, գուցե նաև իրանական շարժերի մասին փոխանցում է Ադրբեջանին:

-Իհարկե, այս հարցում Իրանը շատ զգուշավոր է, որովհետև Արևմուտքը թշնամական վերաբերմունք ունի Իրանի հանդեպ, և ԵՄ դիտորդների ներկայությունը տարածաշրջանում կարող է աշխատել Իրանի դեմ։ Հետևաբար, Իրանի համար ողջունելի չէ, որ Հայաստանում տեղակայված են ԵՄ դիտորդները, որոնք հակաիրանական քաղաքականություն իրականացնող երկրների ներկայացուցիչներ են: Իրանը կասկածով է վերաբերվում նրանց գործունեությանը։ Տարածաշրջանում այլ ուժերի առկայությունը Իրանի համար խիստ մտահոգիչ է, և անվտանգային առումով Իրանը լուրջ հիմնավորումներ ունի, որ այդ ուժերը այստեղ են ոչ թե հայ-ադրբեջանական խնդիրները կարգավորելու, այլ հենց Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար։ Իրանն անհանգիստ է, որ այդ ուժերի նպատակն է Մերձավոր Արևելքից հետո նաև Հարավային Կովկասում հակաիրանական երկրորդ ճակատ բացել։ Դրա համար Իրանը հստակ հայտարարեց, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային պետությունները։ Ի դեպ, երբեմն ասվում է, թե նման հայտարարությունը վտանգավոր է ՀՀ համար, քանի որ տարածաշրջանային երկրների շարքում են Թուրքիան, Ադրբեջանը և դա չի բխում Հայաստանի շահերից։ Սակայն Իրանը նման հայտարարություն անելով` նկատի ունի հենց իրեն, իսկ Իրանի ակտիվ դերակատարությունը բխում է Հայաստանի շահերից։

Որքան այլ ուժեր ներկայացված լինեն Հարավային Կովկասում, այնքան շահերի բախումը, հակասությունները կխորանան։ Տեսնում ենք, որ Արցախի պատերազմից հետո որքան շատ երկրներ են հայտ ներկայացրել իբր տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար, ու դա ավելի մեծացրել է բախման հավանականությունը, ռիսկը։ Մենք տեսնում ենք, թե Ուկրաինայում ինչ հետևանքներ ունեցավ Արևմուտք-Արևելք շահերի բախումը։ Մենք չպետք է թույլ տանք, որ ուժային կենտրոնների մեջ հակասությունները խորանան և տարածաշրջանում հանգեցնեն պատերազմի։

ԻՐԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ է ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՆ»

Փաշինյանն անդադար հայտարարում է, թե իր իշխանության նպատակն է տարածաշրջանում բացել խաղաղության դարաշրջան, գնալ խաղաղության օրակարգի հաստատման ճանապարհով: Ու որքան շատ է խոսում խաղաղության մասին, այնքան մենք շարունակում ենք կորցնել տարածքներ և զոհեր ունենալ։ Հայաստանում` հանրային շրջանակներում, կա համոզմունք, որ Փաշինյանի «խաղաղության դարաշրջան» ասվածը կեղծ օրակարգ է: Հետաքրքիր է, ինչպե՞ս են վերաբերվում Իրանում. լո՞ւրջ են ընդունում։

 -Խաղաղությունը բարձրագույն արժեք է։ Իրանի ժողովուրդն ու հայ ժողովուրդը խաղաղությունը շատ բարձր են գնահատում` լինելով հնագույն ժողովուրդներ, տարբեր ժամանակներում անցնելով պատերազմների միջով, երկու երկրները շատ լավ են գիտակցում խաղաղության գինը։ Բայց սրա հետ մեկտեղ պետք է հասկանանք, թե ինչ գնով է այն փորձ արվում հաստատել: Ամեն գնով խաղաղություն չի լինում։ Խաղաղությունը պետք է արդարությամբ հաստատվի: Ուժով պարտադրված խաղաղություն չի՛ լինում։ Ադրբեջանը զենքը ձեռքին խոսում է խաղաղությունից, դա չի կարող իրական խաղաղություն լինել։ Հայաստանը արցախյան պատերազմից հետո թուլացել է թե ռազմական, թե տնտեսական առումով: Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում`բանակցային գործընթացում թույլ դիրքեր ունեցող ՀՀ-ն չի կարող լիարժեք պաշտպանել իր շահերը: Ալիևն ասում է՝ խաղաղությունը պետք է լինի մեր պայմաններով, հակառակ դեպքում կլինեն վատ հետևանքներ։ Նման սպառնալիքի տակ չի կարող լինել խաղաղություն։ Եվ այս իրավիճակը Իրանին մտահոգում է, որովհետև գիտի, որ գտնվելով թուլացած վիճակում՝ Հայաստանը կարող է գնալ շատ լուրջ զիջումների, ինչը վտանգելու է նաև Իրանին։ Իրանի իշխանությունը կասկածում է այդ` «խաղաղության օրակարգին», ու դրականորեն չի արձագանքել, գիտակցում է, որ այստեղ գործ չունենք իրական խաղաղության հետ։ Զենքով թելադրվածը չի կարող լինել իրական խաղաղություն։

Իրանը մտահոգ է, որ Հայաստանի թիկունքում կանգնած ուժերը կարող են նրան ստիպել, ճնշել գնալ զիջումների, իսկ Հայաստանն էլ պատերազմից խուսափելու համար, կարող է պարտադրված ստորագրել այդ պայմանագիրը։ Բայց դրանից կտուժի և՛ Հայաստանը, և՛ իր հետ ընդհանուր շահեր, անվտանգային հարաբերություններ ունեցող երկրները, այդ թվում՝ Իրանը։

Մյուս կողմից, եթե չի կնքվում նման պայմանագիր, կարող է վերսկսվել պատերազմը: Ալիևը հենց դա է առաջ տանում, ասում է՝ պայմանագրի ստորագրում միայն իմ պայմաններով ու ոչ մի խոսք չի ասում փոխզիջման մասին։ Իրականում Ադրբեջանը չի ուզում, որ տարածաշրջանում հաստատվի իրական խաղաղություն, քանի որ անընդհատ բախումներ է հրահրում, անընդհատ սադրում է։

Հետևաբար, ստացվում է, որ այս երկու սցենարների` պարտադրված խաղաղության ու պատերազմի դեպքում էլ վտանգվելու են Հայաստանի և Իրանի շահերը։

 Հարցազրույցը պատրաստեց Արմինե Սիմոնյանը