Տեղ գյուղում զոհված չորս զինվորականներն այսօր հուղարկավորվեցին

Այսօր՝ ապրիլի 14-ին, հուղարկավորվեցին Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված չորս սպաները։

Հատուկջոկատային, փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Արարողությանը մասնակցել է նաև Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: 34-ամյա Մկրտիչն Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր, ուներ երկու դուստր:

Լեյտենանտ Արթուր Սահակյանը հուղարկավորվել է Շիրակի Ազատամարտիկների պանթեոնում: 23-ամյա Արթուրը Գյումրիից էր, զբաղվում էր կարատեով:

29-ամյա հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը հուղարկավորվել է Սևան քաղաքում: Նախքան զինվորական դառնալը Նարեկը սովորել էր Սևանի քոլեջի ծրագրավորման բաժնում:

26-ամյա լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը հուղարկավորվել է Վայոց ձորի Զառիթափ գյուղի եղբայրական գերեզմանատանը: Հենրիկը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին: Ջաբրայիլի շրջանի մարտերին մասնակցելիս ուսի հատվածում վիրավորում է ստացել, ապաքինվել է վերադարձել մարտի դաշտ, երկրորդ վիրավորումն ստացել է ոտքի հատվածում:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային  միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: