Երեկ թշնամու սադրանքից զոհված Հենրիկ Քոչարյանը 44-օրյայի մասնակից էր

Սյունիքի մարզի Տեղ գյուղում երեկ՝ ապրիլի 11-ին, ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված 26-ամյա լեյտենանտ, հատուկջոկատային Հենրիկ Քոչարյանը (ծնվ. 1997թ.), Վայոց ձորի Վայք քաղաքից էր:

Համայնքապետարանից պատմեցին, որ Հենրիկ Քոչարյանը մինչև զինվորական դառնալը սովորել էր Ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Տան ավագ զավակն էր, իրենից փոքր քույր ու եղբայր ուներ:

Ջաբրայիլի շրջանի մարտերին մասնակցելիս ուսի հատվածում մեկ անգամ վիրավորում է ստացել, ապաքինվել ու վերադարձել է մարտի դաշտ։ Երկրորդ վիրավորումն ստացել է ոտքի հատվածում:

«Հերոսաբար մարտնչել է Ջաբրայիլում, Զանգելանում, Լաչինում…
Նա այն հերոսն է, ով  44-օրյա պատերազմի ժամանակ ընկերոջ դիակը գրկած դուրս էր բերել մարտի դաշտից։
Վայք քաղաքը սգում է իր որդու մահը»,- գրել է Արմինե Դովլաթբեկյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային  միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:

Աադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են.

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)