Ադրբեջանցիների պատվիրակությունն արդեն Երևանում է. Արայիկ Հարությունյան

Չեմ ցանկանում, որ Եվրոպայի առաջնությունում մեր հարևան երկրի մասնակցության հետ կապված մեծ աժիոտաժ լինի. ադրբեջանցիներն արդեն Երևանում են, մենք ապահովել ենք նրանց անվտանգությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ապրիլի 14-ին, ժամը 20:30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը: Երևանում անցկացվող ԵԱ-ին մասնակցում է նաև Ադրբեջանի հավաքականը, որը Երևան է ժամանել 4 մարզիկով:

«Ադրբեջանցիների պատվիրակությունն արդեն ժամանել է Երևան 12 հոգանոց կազմով, որից 4-ը մարզիկ են:

Բացման արարողությանը մարզիկներ չեն մասնակցելու: Մարզաձևը սպեցիֆիկ է և մարզիկներն իրենց մարզավիճակը պահելու համար լրացուցիչ ստրեսային իրավիճակներում չպետք է գտնվեն: Մենք դրոշների շքերթն այլ կերպ ենք կազմակերպել: Մարզական աշխարհում, նույնիսկ հակամարտող երկրների թիմերին ընդունելը սովորական միջոցառում է: Հայաստանը, ինչպես և Խորվաթիան, Կոսովոն և մյուս երկրները, Ադրբեջանը նույնպես Եվրոպական ֆեդերացիայի մի մաս են: Իրենք կարող են հայտ ներկայացնել և ներկայացրել են ու մասնակցում են:

Ընդունող երկիրը Հայաստանն է, բայց սա Միջազգային և Եվրոպական ֆեդերացիաների կողմից կազմակերպվող և անցկացվող մրցաշար է: Բոլոր այն երկրները, որոնք Եվրոպական ֆեդերացիայի անդամ են և ցանկություն ունեն մասնակցել, մենք պարտավոր ենք ընդունել: Սա մեծ և կարևոր հանձնառություն է: Մենք հայտը ներկայացնելիս ասել ենք, որ բոլոր երկրների մարզիկներին ընդունելու ենք և ապահովելու ենք նրանց անվտանգությունը:

Այս ընթացքում Եվրոպական ֆեդերացիայի միջնորդությամբ գրագրություն ենք ունեցել կոնկրետ Ադրբեջանի թիմի հետ՝ կապված անվտանգային հարցերի հետ: Մենք անընդհատ շեշտել ենք, որ ինչպես մյուս, այնպես էլ Ադրբեջանի մարզիկների անվտանգությունը պատրաստ ենք ապահովել: Գործընկերները լրացուցիչ անվտանգություն են խնդրել, մենք դա էլ ենք ապահովել: Բոլոր միջոցները իրականացրել ենք՝ ուղեկցումներ, օդանավակայանում դիմավորում, հյուրանոցում լրացուցիչ անվտանգության ապահովում:

Մեր քննարկումները Ադրբեջանի հետ ավելի շուտ են եղել, վերջին իրադարձություններից առաջ:

Մենք ապահովել ենք բոլոր մարզիկների անվտանգությունը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 15-23-ը: