Գաղտնի փաստաթղթերի արտահոսք կարող էր տեղի ունենալ ԱՄՆ-ի որևէ ռազմաբազայից. «Վաշինգտոն փոստ»

ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետևում կանգնած անձը հայտարարել է, որ դրանք ստացել է ինչ-որ ռազմաբազայում, որտեղ աշխատել է, գրում է «Վաշինգտոն փոստը»՝ հղում անելով Discord չաթ-խմբի մասնակցին, որտեղ հայտնվել են նյութերը:

«Մոտ երկու տասնյակ հոգուց բաղկացած խումբը միավորվել է խաղացողների շրջանում հայտնի Discord հարթակում՝ 2020 թվականին։ Նրանք մեծ ուշադրություն չեն դարձրել, երբ մասնակիցներից մեկը՝ ոմն ՕԳ-ն, անցած տարի տարօրինակ հապավումներով և ժարգոններով հաղորդագրություն է հրապարակել»,- գրում է պարբերականը։

Չաթ-խմբի մասնակցի խոսքով՝ ՕԳ-ի հրապարակած վերծանված նյութերը վերաբերել են մի շարք զգայուն հարցերի, որոնց իրավունք են ունեցել ծանոթանալ միայն բազմամսյա ստուգում անցած մարդիկ:

«Եղել են բարձրաստիճան քաղաքական առաջնորդների գտնվելու վայրի և տեղաշարժերի մասին հույժ գաղտնի զեկույցներ և զինված ուժերի մարտավարական թարմացումներ։ Աշխարհաքաղաքական վերլուծություն: Ընտրություններին միջամտելու օտարերկրյա կառավարությունների ջանքերի վերլուծություն… նա խելացի մարդ է։ Նա, իհարկե, գիտեր, թե ինչ էր անում, երբ հրապարակում էր այդ փաստաթղթերը։ Դրանք պատահական արտահոսքեր չէին»,- ասել է «Վաշինգտոն փոստի» զրուցակիցը։