ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆ

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՊՆ-ը:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները 3 օր է՝ շարունակվում էին։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում:

Նշենք՝ բնակիչները պատմել են, որ այդ ադրբեջանցիները բնակիչներից մեկի տան դուռը երկար թակել են, տանտիրուհին բացել է դուռը, տեսել է դիմակավորված զինվորականների, դուռը փակել ու զանգահարել է Ոստիկանություն: Ադրբեջանցին, որին բնակիչները բռնել են, քաղաքացիական հագուստով է եղել:

Բնունիս և Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից՝ մոտ 20 կմ հեռավորությամբ: