Փողոցների ցայտաղբյուրներին պետք է փականներ դրվեն. Փաշինյան

Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սրանից հետո անընդհատ լինելու է երաշտ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ջուրն անընդհատ պակասելու է, ինձ զարմացնում է այն մոտեցումը, երբ տարին ավարտվում է, մի կերպ գլորում ենք, հետո փետրվարի վերջերից նստում ենք ու նայում երկնքին՝ տեսնենք անձրև ավելի շատ կգա՞, թե չի գա, ջուրն ավելի շատ կլինի՞, թե չի լինի։

Եկեք արձանագրենք, որ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր կանխատեսումներն արված են՝ ջուրը ամեն տարվա հետ լինելու է ավելի պակաս»,- ասաց նա։

«Փողոցների ցայտաղբյուրներին պետք է փականներ դրվեն, ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամեն օր բոլոր ոլորտներում։ Եթե ոռոգման նոր տեխնոլոգիաներ, ջրի խնայողության նոր տեխնոլոգիաներ չներդրվեն, մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ, որոնք մեր լուծման հասանելիությունից դուրս են: Ջրի խնայողության ռեժիմը պետք է ռազմավարական հարց դառնա մեզ համար»,- նշեց Փաշինյանը։