Գլխավոր դատախազին ուղղված դիմումս ԱԺ աշխատակազմը չի ուղարկել․ Թագուհի Թովմասյան

Երեկ մուտքագրվել է գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որտեղ 7 էջ շարադրված է, թե ինչպիսի ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին կայացած մեր հանձնաժողովի խայտառակ նիստի ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողով նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Այսօր գալիս եմ ու պարզում եմ, որ նամակը չի գնացել, հարցնում եմ՝ ինչն է պատճառը, աշխատակազմից ասում են՝ մենք չգիտեինք, որ մինչև հիմա հանձնաժողովի նախագահը բլանկ չունի։ Ասում են՝ պետք է հանձնաժողովի բլանկ սարքենք, որ նախագահի բլանկով ուղարկեք, որովհետև հանձնաժողովի բլանկով ուղարկելու պարագայում պետք է հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն»,- ասաց պատգամավորը։

Թովմասյանը ասաց, որ փորձել են խոչընդոտ ստեղծել դիմումը ուղարկելու հարցում, սակայն դա իրեն որևէ կերպ չի խանգարում։

«Ես կարող եմ սա և՛ որպես պատգամավոր ուղարկել,  կարող եմ  և՛ առձեռն ուղարկել, բայց ես սա որպես հանձնաժողովի նախագահ եմ գրել, որովհետև իմ՝ որպես հանձնաժողովի նախագահի իրավունքները չեմ կարողացել իրացնել և այս ահազանգը ես որպես նախագահ եմ հնչեցնում։ Ես մի շարք օրինախախտումներ ու հանցագործություններ եմ ներկայացրել, յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի հարգել ընդդիմախոսի կարծիքը։ Ես այս քաշքշուկը համարում եմ քաղաքական հրահանգ։ ԱԺ աշխատակազմը ապաքաղաքական մարմին է, այսինքն նրանք չպետք է մտնեն բովանդակության մեջ, տեսնեն Արթուր Հովհաննիսյանի՞ն է առնչվում,  հետո փորձեն խնդիր առաջացնել։ Բացի այդ, եթե այդ խնդիրը կար, տարիուկես է՝ ես գլխավոր դատախազին գրություն եմ ուղարկում, ինչո՞ւ այդ ժամանակ չէին ասում»,- ասաց նա։

Թագուհի Թովմասյանը ասաց, որ հանձնաժողովի ՔՊ-ական անդամները նախապես պայմանավորված սցենարով էին եկել այդ նիստին, որի ժամանակի  ՄԻՊ թեկնածու էին ընտրում։